Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ակցիաների ընթացքում ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել


Բողոքի ակցիա ռուսաստանյան Ուֆա քաղաքում, 12-ը հունիսի, 2017 թ․
Բողոքի ակցիա ռուսաստանյան Ուֆա քաղաքում, 12-ը հունիսի, 2017 թ․

Երեկ Ռուսաստանում տեղի ունեցած բազմամարդ ակցիաների բերման ենթարկված մասնակիցների մեծ մասին արդեն ազատ են արձակել։ Նրանց թիվն, ընդհանուր առմամբ, հասնում էր շուրջ 1500-ի, որոնցից մոտ 800-ը միայն Մոսկվայում։

Ռուսաստանյան ակցիաների կազմակերպիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսել Նավալնին երեկվա գործողություններին չի մասնակցել, մինչ այդ նրան ձերբակալել էին հենց իր շենքի մուտքի մոտ և դատապարտել 30-օրյա կալանքի՝ «ապօրինի հանրահավաք» կազմակերպելու մեղադրանքով։

Նավալնին և նրա կողմնակիցները հայտարարել են, որ դատվարութունն արդար չի եղել, քանի որ անցկացվել է «հապճեպ»։ Ակտիվիստներից մեկին էլ մեղադրանք է ներկայացվել «ոստիկանի հանդեպ ագրեսիվ վարքագիծ» դրսևորելու համար: Այս պահին մի քանի տասնյակ մարդ դեռևս ոստիկանական բաժանմունքներում են, ամենայն հավանականությամբ, նրանց էլ տարբեր մեղադրանքներ կառաջադրվեն։

Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը դեռ երեկ երեկոյան հայտարարել էր, թե Տվերսկայա փողոցում հավաքված ցուցարարներն ագրեսիվ վարք են դրսևորում: Ոստիկանության գործողությունները նա չի գնահատել, նշելով, որ դեռևս ուսումնասիրում են այն:

Երեկվա հանրահավաքներն իշխանությունների կողմից արտոնված չէին, սակայն անգամ այդ պարագայում, շատերը մատնացույց են անում հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանության գործողությունների բավական կոշտ բնույթը, այդ թվում՝ նաև անչափահասների նկատմամբ։ Ներկայումս համացանցում շրջանառվում են այդ գործողությունները պատկերող բազմաթիվ տեսահոլովակներ: Մարդու իրավունքների խորհրդի անդամ Անդրեյ Բաբուշկինն ասել է, թե ՕՄՈՆ-ի կոշտ գործողությունները «հիմնավորված չէին»։

Նախօրեին բողոքի ակցիաներ են անցկացվել Ռուսաստանի շուրջ 170 քաղաքներում: Ցուցարարների հիմնական պահանջը երկրի նախագահի և վարչապետի հրաժարականներն են: Եթե մարտի 26-ին Նավալնիի կազմակերպած հանրահավաքների մասնակիցներն առավելապես պահանջում էին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականը, ապա երեկվա ակցիաների ժամանակ նույնքան հաճախ էր հնչում նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականի պահանջը։

Հաջորդ տարվա գարնանը Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել այդ ընտրություններին և արդեն իսկ սկսել է իր քարոզարաշավը, որի հիմքում կոռուպցիայի դեմ պայքարն է: Ռուսաստանյան ազատական թևի ընդդիմադիր ուժերի վերաբերմունքը Նավալնիի հանդեպ, որպես ընդդիմության միասնական առաջնորդի, միանշանակ չէ: Սակայն բոլորն էլ փաստում են, որ պուտինյան Ռուսաստանում մինչ օրս չի եղել նման պոպուլյար ընդդիմադիր գործիչ։ Նավալնիի կողմնակիցների զգալի մասը երիտասարդներ և պատանիներ են: Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքներին ևս մասնակցել են մեծ թվով անչափահասներ։

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ռուսաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: «Խստորեն դատապարտում ենք չարտոնված ցույցերի խաղաղ մասնակիցների ձերբակալություններն ու Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված հարյուրավոր ցուցարաներին»,- երեկ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը՝ հավելելով, որ Վաշիգտոնը հետևելու է հետագա զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG