Իրանը քննադատել է Իրաքի քրդական ինքնավարության՝ անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը: «Քրդական շրջանը Իրաքի հանրապետության մի մասն է, այդ երկրի Սահմանադրությանը հակասող միակողմանի որոշումները կարող են միայն նոր խնդիրների հանգեցնել»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Թեհրանում մտավախություններ ունեն, որ անջատողական այս տրամադրությունները կարող են տարածվել նաև սեփական երկրում ապրող քրդերի շրջանում, որոնց մեծ մասն ապրում է Իրաքի հետ սահմանի մերձավորությամբ:
Օրեր առաջ Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի ինքնավարությունը հայտարարեց, թե պատրաստվում է սեպտեմբերի 25-ին հանրաքվե անցկացնել՝ Բաղդադից անջատվելու և սեփական պետությունը ստեղծելու հարցով: Ավելի վաղ այս որոշումը քննադատել էին նաև Թուրքիան և Միացյալ Նահանգները: