Մատչելիության հղումներ

Բաղդադը և Անկարան կտրականապես դեմ են Քուրդիստանի անկախության հանրաքվեին


Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որոմ «լուրջ սխալ» է համարել Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը:

Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները հունիսի 7-ին հայտարարել էին սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:

«Մենք ընդգծում ենք, որ անկախության հանրաքվեն օգուտ չի տա Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը կամ Իրաքին: Տարածաշրջանում ծայրահեղ կարևոր զարգացումների ժամանակահատվածում դա կմեծացնի անկայունությունը և կառաջացնի բացասական հետևանքներ»-, նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Շեշտելով, որ իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ու միասնության հարցերին, պաշտոնական Անկարան շարունակում է. «Իրաքի տարածքային ամբողջականությունը և քաղաքական միասնության պահպանումն Իրաքի հանդեպ Թուրքիայի քաղաքականություն հիմնարար սկզբունքներից են: Այդ սկզբունքները տևական կայունության, խաղաղության, անվտանգության և բարգավաճման նախապայմաններից են»:

Անկարան նաև կասկածի տակ է դրել ընտրողների կամքի արտացոլման հարցը՝ «հաշվի առնելով ներկայիս անկայուն իրավիճակը»: Հայտարարությունում նաև նշված է՝ Իրաքի ժողովուրդն արտակարգ պայմաններում է ապրում և «հստակ է, որ վիճահարույց կարգավիճակով ռեգիոններ ընդգրկող տարածաշրջանում անցկացվելիք հանրաքվեն հեռու կլինի հանրության կամքն արտահայտելուց: «Իրաքի միասնականությանը վնասելու փոխարեն երկխոսության և երկրի ամբողջականությունը միասնաբար ամրապնդելու կարիք կա»,- նշում է Անկարան:

Daily Sabah -ի փոխանցմամբ, ուրբաթօրյա աղոթքից հետո Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու որոշմանն է անդրադարձել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Լրագրողների հետ զրույցում նա այն համարել է «անպատասխանատու», հավելելով, որ ներկայումս տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան: Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է, որ բոլոր իրաքցիները միասին ապրեն, որպես մի ժողովուրդ, «և պետք չէ տարածաշրջանում լրացուցիչ խնդիրներ ստեղծել»:

Քուրդիստանի անկախության հարցով Իրաքի վարչապետ Հեյդեր ալ-Աբադին անցած ապրիլին ասել էր՝ հարգում է քրդերի իրավունքը՝ քվեարկելու անկախության համար, սակայն չի կարծում, թե «հիմա դրա ժամանակն է»: Բաղդադն այդ հարցին անդրադաձել է նաև Քուրդիստանում անկախության հանրաքվե անցկացնելու որոշման հրապարակումից հետո: «Անկախության հարցում մենք մերժում ենք Էրբիլի միակողմանի քայլը»,- նշված է Իրաքի կենտրոնական իշխանությունների հայտարարությունում:

Իրաքցի վերլուծաբան Ալի ալ-Ջուբարին «Ռոյթերզ»-ին ասել է, թե Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը սերտորեն կապված է Մոսուլի ռազմական գործողությունների հետ: «Ներկայումս ֆեդերալ կառավարությունը, Իրաքի բանակը, ներքին գործերի նախարարությունը, ազգային գվարդիայի զինվորները, ոստիկանությունը, բոլորը ներգրավված են Մոսուլը ծայրահեղականներից մաքրելու գործողություններում, և Քրդական ինքնավարությունը փորձում է օգտվել այդ իրավիճակից»,- ասել է վերլուծաբանը, շեշտելով, թե քրդերի անկախության դեմ ճնշումներ կլինեն ոչ միայն Իրաքի, այլև Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի կողմից, «քանի որ նրանք զգուշանում են, որ նույն ձգտումները կարող են տարածվել իրենց երկրներում ապրող քրդերի շրջանում»:

Իրաքում Քուրդիստանի ինքնավարության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն, ըստ որոշման հեղինակների, անցկացվելու է Էրբիլի, Դոհուկի և Սուլամանիայի շրջաններում և հարակից տարածքներում, որոնցում քրդական հոծ բնակչություն կա: Քրդական ինքնավարությունը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ նավթով հարուստ շրջաններում:

Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյան այսօր հավաստիացրել է, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն անշրջելի է: Իրաքի արտաքին և ֆինանսների նախկին նախարար Հուշիյար Զեբարին, ով հիմա Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականն է, «Ռոյթերզ»-ին հեռախոսով ասել է. «Մենք անցել ենք Ռուբիկոնը, հետքայլ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG