Մատչելիության հղումներ

Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի նախագահի հանձնարարությամբ և Հայաստանի ու Ռուսասատանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիա առաքված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մի մասը հունիսի 9-ին տեղափոխվել է մայրաքաղաք Դամասկոս:

ՊՆ-ի հաղորդմամբ, Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնությունը` հիմնականում հագուստ և սննդամթերք, բեռնաթափվել է Դամասկոսի թեմի Սուրբ Սարգիս հայկական առաջնորդանիստ եկեղեցու տարածքում:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության և համայնքի ներկայացուցիչների ջանքերով կկազմակերպվի մարդասիրական օգնության բաշխման գործընթացը: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիայում գտնվող ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Առաջիկա օրերին մարդասիրական օգնության մնացած մասը Սիրիայում Հայաստանի դեսպանության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, կտեղափոխվի Հալեպ, Քեսաբ և այլ քաղաքներ:

Օրերս Հայաստանից Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ: Այն տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում: Սա Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել այս տարվա փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG