Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը: Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Երեկ Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ և սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, որից անմիջապես հետո իրականացվել է բեռանաթափման և բաշխման գործընթացի կազմակերպումը:
Սա Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել այս տարվա փետրվարին։