Մատչելիության հղումներ

ՄԹ ընտրությունների նախնական արդյունքներով՝ վարչապետ Մեյի կուսակցությունը այլևս խորհրդարանական մեծամասնություն չէ


Մեծ Բրիտանիայում հրապարակվել են երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ, մասնավորապես, պահպանողականները ստացել են 317 մանդատ՝ 2015-ի համեմատ կորցնելով 18-ը, լեյբորիստները 261 մանդատ են ստացել՝ 28 մանդատ ավելի, քան նախորդ ընտրություններիի ժամանակ, 35 մանդատ ստացել է Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ կորցնելով 21 մանդատ, լիբերալ դեմոկրատները ստացել են 14 մանդատ՝ 6-ով ավելի։

Թեև պահպանողականները հաղթել են ընտրություններում, նրանք խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 326 մանդատից քիչ են ստացել՝ Համայնքների պալատը 650 տեղ ունի։

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անգլիական ֆունտը անկում է ապրել․ 1 ֆունտ սթերլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մոտ 2 սենթով։

Գործող վարչապետ, պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին ապրիլի 18-ին՝ պնդելով, թե կարիք ունի առավել ուժեղ մանդատի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի բանակցություններում։ Քարոզարշավի ընթացքում պահպանողականները հանդես էին գալիս Բրյուսելի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշման օգտին։ Իսկ Ջերեմի Քորբինի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը պնդում էր, թե պետք է հասնեն Եվրամիությունում ազատ առևտրի գոտու պահպանմանը։

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ստվերվեց մայիսի 22-ին Մանչեսթրում և հունիսի 3-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով, որոնց հետևանքով, հիշեցնենք, ընդհանուր առմամբ մոտ երեք տասնյակ մարդ զոհվեց, շուրջ 100 մարդ վիրավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG