Մատչելիության հղումներ

Ընտրությունների արդյունքները կանխատեսելը բավական դժվար է․ լոնդոնցի փորձագետ


Մեծ Բրիտանիայի բոլոր առաջատար քաղաքական ուժերի ղեկավարները այսօր ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցեցին օրվա առաջին կեսին: Կուսակցությունների ղեկավարները, սակայն, գերադասում էին չպատասխանել ընտրատեղամասերի մոտ հավաքված լրագրողների հարցերին` լավագույն դեպքում սահմանափակվելով կարճ մեկնաբանություններով:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը քվեարկում էր Լոնդոնի հյուսիսում գտնվող Հոլըվեյ թաղամասի տարրական դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասում: «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այստեղ գալու համար: Սա շատ կարևոր օր է մեր ժողովրդավարության համար: Ես հենց նոր քվեարկեցի և կարող եմ ասել, որ շատ հպարտ եմ մեր քարոզարշավով», - տեղամասի առջև հավաքված տասնյակ լրագրողներին դիմելով՝ հայտարարում էր լեյբորիստների առաջնորդը:

Պահպանողականների ղեկավարը` գործող վարչապետ Թերեզա Մեյը, ում նախաձեռնությամբ էլ նշանակվել էին այս արտահերթ ընտրությունները, քվեարկում էր Լոնդոնից արևմուտք գտնվող Բերքշիրում: Նա, սակայն, լրագրողների հարցերին ընդհանրապես չպատասխանեց:

Բրիտանացի քաղաքագետների համոզմամբ՝ Թերեզա Մեյի նման սակավախոսության գլխավոր պատճառը վարչապետի քաղաքական հաշվարկների եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի տապալումն է: Լոնդոնում գործող YouGov հետազոտական կենտրոնի փորձագետ Ջո Թվայմանը Reuters-ի հետ հարցազրույցում նշում էր. - «Մեյը, գոնե ամենասկզբում, հույս ուներ, որ հնարավոր կլինի պահպանողականների մեծամասնությունը հասցնել եռանիշ թվի, ինչը նրան հնարավորություն կտար Եվրոպայի հետ հարաբերություններում, «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցությունների ընթացքում կախման մեջ չլինել խորհրդարանում գործող այս կամ այն խմբից: Դա հնարավորություն կտա Թերեզա Մեյին թե՛ Եվրոպայում և թե՛ ներքաղաքական ասպարեզում լիազորությունները իրացնել առանց ներքին խժդժություններից վախենալու»:

Թվայմանի խոսքով՝ գոնե այս պահին ընտրությունների արդյունքները կանխատեսելը բավական դժվար է: «Ենթադրում եմ, որ Թերեզա Մեյը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, բայց խորհրդարանում նրան աջակցող մեծամասնության չափը կախված է այն հանգամանքից, թե որքան ակտիվորեն բրիտանական հանրության տարբեր խմբերը կմասնակցեն քվեարկությանը», - նշում էր փորձագետը:

Քվեարկության մեկնարկից հաշվված ժամեր առաջ հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ իշխող պահպանողականները կարող են հավակնել քվեների շուրջ 43, իսկ լեյբորիստները` մոտ 36 տոկոսին: Ուշագրավ է, որ ընտրարշավի մեկնարկին պահպանողականների առավելությունը լեյբորիստների հանդեպ հասնում էր 17 տոկոսի: Վերջին շաբաթներին, սակայն, Ջերեմի Քորբինի անցկացրած դինամիկ քարոզարշավի շնորհիվ լեյբորիստներին հաջողվեց զգալիորեն կրճատել այդ տարբերությունը: Այդուհանդերձ, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում գործող մեծամասնական ընտրակարգը` պատգամավորական տեղերի բաշխման առումով երկու կուսակցությունների միջև տարբերությունը կարող է շատ ավելի նշանակալի լինել:

Շարքային բրիտանացի ընտրողներից շատերն էլ կամ նշում են, որ 2017-ի ընտրարշավի ընթացքում բավական դժվար էր կողմնորոշվել, թե ում օգտին է հարկավոր քվեարկել, ոմանք էլ ընդհանրապես խուսափում էին մատնանշել իրենց նախընտրած թեկնածուին կամ կուսակցությանը:

«Իմ հայրը, երբ ես 15 տարեկան էի, ինձ մի խորհուրդ տվեց` երբեք կողմ մի քվեարկիր, միշտ քվեարկիր դեմ», - Reuters-ի անցկացրած փողոցային հարցման ընթացքում նշում էր Լոնդոնի բնակիչ 79-ամյա Ալան Ֆրանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG