Մատչելիության հղումներ

Կառավարության շտապողականությունը մասնավորեցման հարցում մտահոգում է ընդդիմությանը


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած 2017-2020 մասնավորեցման ծրագիրը՝ 57 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կողմ էր իշխող կոալիցիան՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը, ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորները մերժեցին նախագիծը՝ դեմ քվեարկությամբ կամ չքվեարկելով:

Առաջիկա երեք տարիների համար նախատեսված մասնավորեցման ծրագրում պետական բաժնեմաս ունեցող շուրջ հինգ տասնյակ ընկերություններ են ընդգրկված, այդ թվում՝ «Հայփոստը», «Հայֆիլմը», «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության ընդունելությունների տունը, Երևանի ոսկերչական գործարանը: Ցանկում են նաև շուրջ մեկ տասնյակ առողջապահական հաստատություններ՝ Ուռուցքաբանական կենտրոնը, վնասվածքաբանության, ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները, մի քանի պոլիկլինիկաներ:

Խորհրդարանական ընդդիմությունը տարակուսած է, թե ինչու է կառավարությունը հրատապ կարգով, արտահերթ նիստով, առանց հանրային քննարկումների ու լսումների, խորհրդարան բերել պետական բաժնեմաս ունեցող շուրջ հինգ տասնյակ ընկերությունների մասնավորեցման հարցը:

«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Մեզ համար խիստ անընդունելի է, որ հանրության ամենալայն շերտերի շահերը շոշափող կարևորագույն օբյեկտների սեփականաշնորհումը և օրենքի քննարկումը և ընդունումը տեղի ունենա առանց հանրային, խորհրդարանական պատշաճ և մանրամասն լսումների»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը դժգոհեց՝ հայտարարելով, թե ոլորտի նախարարները պասսիվություն են դրսևորել հարցի քննարկման ժամանակ:

Մելքումյանը նաև նկատեց, որ առանց հստակ ներդրումային ծրագրի չի կարելի կարևորագույն օբյեկտները մասնավորեցնել․ - «Բայց եթե որևէ հիմնավորում չկա, և Առողջապահության նախարարը ասում է՝ ես չգիտեմ կա՞ն ինվեստորներ, թե՞ չէ․․․ դեռ նոր պետք ա մտածենք: Մի հատ մտցնենք ծրագիր, հետո կմտածենք․ կարող ա նաև մնա պետական: Ես կարծում եմ, որ դա տեղին չի, այդ մոտեցումները պետական մտածողություն իրենցից չեն ներկայացում: Իմ առաջարկները կոնկրետ ա՝ «Ծառուկյան» դաշինքի անունից՝ հանել առողջապահության օբյեկտները ցանկից, և երկրորդ՝ կապված «Հայֆիլմի» և «Հայփոստի» հետ․ «Հայֆիլմը» և «Հայփոստը» մասնավորեցնել ամեն մեկը հատուկ օրենքով, ոնց որ դա եղել է բաշխիչ էլեկտրական ցանցերի ժամանակ: Դրանք հանել, ընդունել երկուսի համար էլ օրենք մասնավորեցման մասին»:

Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն փորձեց փարատել մտահոգությունները․ - «Կառավարությունը իրապես ունի մեկ նպատակ՝ ներդրումների ներգրավման ճանապարհով արդիականացնել այս բոլոր ընկերությունների գործունեությունը: Մասնավորեցումը չի նշանակում այդ ինստիտուտների փակում կամ վերացում»:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ առաջին անգամ է, որ Կառավարությունը պարզապես մասնավորեցվող օբհեկտների ցանկը չի ներկայացրել, այլ նաև կցել է որոշակի հիմնավորումներ:

Այդուհանդերձ, Ռուստամյանն ասաց, որ գործադիրը պետք է պատրաստ լինի իր բերած նախագիծը փոփոխված տեսնել․ - «Նախ մենք պետք է միշտ ունենանք էն ավանդույթը, որ Կառավարությունը սովորի, որ եթե ինչ-որ մի ցանկ բերում է, էդպես էլ չպիտի դուրս գա Ազգային ժողովից: Նա պիտի իմանա, որ Ազգային ժողովը դնելու է ֆիլտրեր, սկզբունքներ, որով երկու հիմնական հարցի պատասխանը փորձենք բոլորս միասին ստանալ, և բերած ցանկերը էդ ֆիլտրով անցնեն»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ իրենք դեմ են «վայրի մասնավորեցմանը»․ - «Բարեկամներ, ես ուզում եմ ձեզ ասել՝ մենք վայրի սեփականաշնորհմանը, օդից, միանգամից, ռադիկալ ձևով նիգիլիստական մոտեցումներին դեմ ենք: Բայց բերեք ընդունենք, որ այսօր մասնավոր առողջապահական հիմնարկները ոչնչով չեն զիջում, եթե չասենք ավելի մրցունակ են, ավելի որակյալ առողջահություն են մատուցում մեր հանրությանը, քան պետականները»:

Ի դեպ, ուշագրավ երկխոսություն ծավալվեց Միքայել Մելքումյանի և Արման Սահակյանի միջև: Աժ փոխխոսնակը հիշեցրեց, որ իրեն խոստացել էին հրավիրել մասնավորեցման նոր հայեցակարգի մշակմանը, սակայն այդպես էլ չհրավիրեցին:

Արման Սահակյանն արձագանքեց․ - «Կներեք, որ Ձեզ չենք հրավիրել: Անկեղծ ասած, կեսկատակ, կեսլուրջ՝ սպասում էինք ընտրությունների արդյունքներին: Հաջորդ անգամ կհրավիրենք անպայման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG