Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանը կոռուպցիայի դեմ պայքարում հեղափոխություն չի ակնկալում


Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, միաձայն` 87 կողմ քվեներով ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», ինչպես նաև «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծերը:

Քվեարկությունից առաջ օրինագծերի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, թե ընդդիմադիրների առաջարկն իրենց համար ընդունելի է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին առաջադրող մրցույթային խորհրդում ընդգրկված կլինի նաև ընդդիմության ներկայացուցիչը։

Նշենք, որ հակակոռուպցիոն մարմնի մրցույթային խորհուրդը բաղկացած է Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի, Փաստաբանների պալատի, Սահմանադրական դատարանի նախագահի և Հանրային խորհուրդի կողմից նշանակված մեկական անդամներից։

«Առաջարկն ընդունելի է համարվել, ես հայտարարում եմ այդ մասին, և կիրացվի, արդեն իսկ կա ձևակերպումը, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները համախոհությամբ՝ կոնսենսուսով առաջադրելու են թեկնածու այդ հանձնաժողովում», - նախքան քվեարկությունն ասաց Հովհաննիսյանը։

Կառավարության և հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի համատեղ հեղինակած օրինագծերին կողմ արտահայտվեցին նաև ընդդիմադիր «Ելք»-ն ու «Ծառուկյան» դաշինքը:

Ինչպես նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, այս օրինագծերը քայլ առաջ են հակակոռուպցիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ։

«Ճիշտ է, նախագիծը մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա, այսպես ասած, քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ, այդ առումով «Ելք» խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ ըստ օրինագծի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է հրապարակելու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, ուսումնասիրելու է էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պաշտոնյաների շահերի բախման վերաբերյալ դիմումները:

Ինչ վերաբերում է «Ազդարարման համակարգի մասին» օրինագծին, ապա այս օրենքով հատուկ համակարգ է ներդրվում, համաձայն որի, ներքին և արտաքին ազդարարների, ինչպես նաև անանուն հաղորդումների միջոցով հնարավորություն է ստեղծվում բացահայտել կոռուպցիոն դեպքերը, կանխարգելել և նվազեցնել դրանք:

Ըստ օրինագծի, ներքին ազդարար է համարվում այն անձը, ով հաղորդում է ներկայացնում իր անմիջական վերադասին, արտաքին ազդարարը հաղորդումը ներկայացնում է իրավասու մարմնին, և եթե խոսքը տվյալ դեպքում կոռուպցիոն հանցագործության մասին է, ապա՝ իրավապահ մարմիններին։

Ի դեպ հանցագործության հատկանիշներ պարունակող անանուն հաղորդումները ներկայացվելու են էլեկտրոնային կայքի միջոցով, և ինչպես Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է վստահեցնում, այս դեպքում հաղորդում տվողի անանունությունը երաշխավորվում է։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս մարմինների ստեղծման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հեղափոխություն են ակնկալում, Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե չի ակնկալում հեղափոխություն, բայց մարմինները ճիշտ գործարկելու դեպքում հաջողություն կունենան:

«Ազատություն». - Իրավապահները մնացել են այդ ազդարարների և նամակների հույսի՞ն, տիկին Հովհաննիսյան, նրանք չունե՞ն իրենց օպերատիվ-հետախուզական տվյալները և նստած սպասելու են, թե ե՞րբ է այս օրենքն ընդունվելու և ազդարարները գալու են իրենց տեղեկատվության տա՞ն։

Հովհաննիսյան. - Երբևէ որևէ մեկից Դուք նման մեկնաբանություն լսե՞լ եք։ Ես այդպիսի բան չեմ ասել։

«Ազատություն». - Նկատի ունեմ, որ եթե կա իսկապես պայքարելու ցանկություն, եթե իսկապես իրավապահ մարմինը հակված է նաև վերևներում և մասնավորապես վերևներում տիրող կոռուպցիան բացահայտելու և վերացնելու, նրանք ազդարարների կարիք չպետք է ունենան։

Հովհաննիսյան. - Դուք գնահատականներ եք հնչեցում... ո՛չ, կարող են ունենալ, ո՛չ, այստեղ չեմ համաձայնվի Ձեզ հետ, ընդ որում, կտրուկ չեմ համաձայնվի։

«Ազատություն». - Նրանց պետությունը տվել է կոնկրետ լծակներ...

Հովհաննիսյան. - Այդ լծակներից մեկը ազդարարման համակարգն է, ընդամենը, կարող է և ունեն ցանկություն, Ձեր տերմինաբանությամբ պատասխանեմ, գուցե և ուզում են ինչ-որ բան անել, ապացույցները որտե՞ղ են, իսկ ազդարարի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ ինքը կարող է, քանի որ գիտի, որ երաշխավորված է իր անանունությունը՝ 100 տոկոսանոց երաշխավորված է իր անանունությունը, փորձը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ է գործում Միացյալ Նահանգներում, Իտալիայում և այլ տեղերում, ինքը 100 տոկոսանոց իմանալով դա և իմանալով, որ չի բացահայտվելու այդ էլեկտրոնային հարթակի միջոցով, ինքը կարող է անգամ ապացույցները տրամադրել, ամեն ինչ կարող է անել, որովհետև մի կարևոր նորմ ենք ֆիքսել։

«Ազատություն». - Սա՞ էր մեզ պակասում, տիկին Հովհաննիսյան, այս մարմի՞նն էր մեզ պակասում, որ ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասել՝ գլխից բռնեն կոռուպցիոներներին։

Հովհաննիսյան. - Մենք միշտ խոսում ենք օրենքի մասին և տանում ենք այլ դաշտ, մեզ ինչ-որ բան միշտ պակասելու է, և կոռուպցիայի դեմ պայքարը երբևէ չի ավարտվելու։

«Ազատություն». - Այս մարմնի ստեղծումով Դուք հեղափոխությո՞ւն եք ակնկալում կոռուպցիայի դեմ պայքարում։

Հովհաննիսյան. - Ես չեմ ակնկալում հեղափոխություն և չեմ էլ ակնկալում թերահավատությունն ի սկզբանե։ Մենք պրոբլեմ ունենք, եթե հանրային վստահությունն ի սկզբանե բոլորս ջանք ենք գործադրում որպեսզի խաթարենք, ուրեմն եկեք հետո չպահանջենք, որ հանրությունը երբևէ ինչ-որ բանի կվստահի։ Մարմինը դեռ նոր է ստեղծվում, բայց անվստահության մթնոլորտ ու նոտաներ նրա շուրջ փորձում են ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG