Մատչելիության հղումներ

ԱԺ նախկին խոսնակ․ «Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»


ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյան, 7-ը հունիսի, 2017 թ․
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյան, 7-ը հունիսի, 2017 թ․

«Որպեսզի պետությունը զարգանա, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»: Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին՝ 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, արդյո՞ք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ, նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Երեկ լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցին այդպես էլ չէր անդրադարձել, ընդամենը շեշտել էր, թե իր և Կարեն Կարապետյանի միջև հակասություններ չկան, վարչապետն էլ հրաժարական տալու որևէ պատճառ չունի: «Շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- ասել էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ չմանրամասնելով, թե ովքեր են իր և վարչապետի միջև սեպ խրողները:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ այդ ուժերն ի հայտ կգան: «Որիշ տեղ որոնեք, որոհետև ես գիտեմ դրանք ովքեր են: Իրենք կամաց-կամաց ի հայտ կգան»,- այսօր ասաց Սահակյանը, խուսափելով լրացուցիչ պարզաբանումներից: Միայն ասաց․ «Գիտեք, ես հարցազրույցի տոգորված չեմ, պատասխանելու համար: Իհարկե, բոլոր պատասխանները կան»: Սահակյանը չպատասխանեց նաև հարցին՝ ո՞վ է լինելու կուսակցության նախընտրած վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլից հետո: Ասաց․ «Հիմնականում հանրապետականներն այդ հարցը կորոշեն, այս պահին քննարկելու բան չի: Այդ հարցը կապված է առաջխաղացման հետ, մեր պետության հետագա ճակատագրի հետ»:

Ազգային ժողովի նախկին նախագահը հավելեց՝ հանրապետականներն, իհարկե, կարող են անձնական տեսակետ հայտնել, «բայց դրա ժամանակը չի»: «Ես բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին, բարձր եմ գնահատում իմ թիմի բոլոր ընկերներին, բայց որպեսզի պետությունը հնարավորինս արագ զարգանա, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը»,- ասաց Գալուստ Սահակյանը, հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Նկատենք՝ հանրապետականները խուսափում են 2018-ի ապրիլից հետո իշխանության մեջ Սերժ Սարգսյանի հնարավոր դերակատարությանը վերաբերող հարցերին պատասխանելուց, հատկապես չեն հստակեցնում այն, թե արդյո՞ք հնարավոր է, որ հենց Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նախագահի երեկվա հայտարարությունից հետո հանրապետականներն առայժմ խոսում են միայն Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև «սեպ խրել ցանկացող» ուժերի մասին, այդպես էլ չմանրամասնելով՝ ովքե՞ր են նրանք: Իշխող ուժի խոսնակ էդուարդ Շարմազանովն այսօր միայն շեշտեց՝ միևնույն է, նրանք հաջողության չեն հասնելու:

«Ձեր հմուտ փորձերը՝ մեզնից կորզել բառեր, նախադասություններ, որոնք մեծ սենսացիա կառաջացնեն, կարծում եմ հաջողության չեն հասնի, որովհետև այն, ինչ ասելու է հանրապետության նախագահը, արդեն ասել է: Թե ովքեր են այդ ուժերը, իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք: Նրանք հաջողությա՞ն կհասնեն, իհարկե ոչ»,- ասաց Շարմազանովը: Հարցին՝ ինչու չեք բացահայտում այդ ուժերին, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ դուք էլ գիտեք, որ մենք գիտենք ովքեր են, իրենք էլ գիտեն, որ մենք գիտենք, մենք էլ գիտենք, որ դուք էլ գիտեք: Քաղաքականության մեջ ամեն ինչ չի, որ ուղիղ ասվում է: Նրանց դիմեք, թե նպատակը որն է»: Հաջորդ հարցին էլ՝ արդյո՞ք այդ ուժերը ձեր ներսում են, այսպես արձագանքեց․ «Մեր ներսն առողջ է»:

Դիտարկմանը, թե նախագահը չանդրադարձավ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հետ կապված հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Եթե ուսումնասիրել եք Սերժ Սարգսյանի կենսագրությունն ու քաղաքական աշխատաոճը, պետք է շատ լավ իմանաք, որ պարոն նախագահը, նաև հանրապետականներս, ամեն ինչի մասին խոսում ենք ժամանակին, ոչ թե ժամանակավրեպ: Հիմա դրա մասին խոսելը ժամանակավրեպ է»:

Հիշեցնենք, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե իր ղեկավարած Հանրապետականը հաղթի գալիք ընտրություններում, ապա ինքն ինչ-որ կարգավիճակով իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման գործում, այդպես էլ չհստակեցնելով, թե այդ կարգավիճակն ինչ պաշտոն է ենթադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG