Մատչելիության հղումներ

ГРУ-ն փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին․ Intercept-ի հրապարակած գաղտնի փաստաթուղթ


Ռիալիթի Լի Վիները՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ձերբակալված աշխատակիցը: Լուսանկարը՝ Վիների Ինստագրամից:
Ռիալիթի Լի Վիները՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ձերբակալված աշխատակիցը: Լուսանկարը՝ Վիների Ինստագրամից:

Տեղեկությունը հրապարակած ամերիկուհին ձերբակալվել է:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության համակարգից ապօրինի եղանակով դուրս բերված փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հաքերները 2016 թվականին փորձել են կոտրել ամերիկյան ընտրական հաստատությունների կայքէջերը:

Փաստաթուղթը հրապարակել է The Intercept համացանցային պարբերականը: The Intercept-ը հիմնադրվել է 2014 թվականին և հայտարարում է, որ ունի ցանկացած, այդ թվում պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու և այդպես խոսքի ազատությունը պաշտպանելու առաքելություն:

The Intercept-ի ուշադրության կենտրոնում ազգային անվտանգության թեման է: Կայքը պարբերաբար հրապարակել է Ռուսաստանում ապաստանած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:

Այն բանից հետո, երբ երեկ The Intercept-ը հրապարակել է ռուսների միջամտության փորձը հաստատող փաստաթուղթը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդել է Ազգային անվտանգության գործակալության պայմանագրային աշխատակից Ռիալիթի Լի Վիների ձերբակալության մասին: Այդ 25-ամյա կինը մեղադրվում է «այս տարվա մայիսի 5-ով թվագրված հույժ գաղտնի փաստաթուղթն ապօրինի կերպով դուրս հանելու մեջ»: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում նրան դատարանում մեղադրանքը հաստատվելու դեպքում։

Ռիալիթի Լի Վիներն աշխատել է Ջորջիա նահանգում, նրան ձերբակալել են անցած շաբաթ օրը՝ հունիսի 3-ին:

Ըստ արդարադատության նախարարության, Ազգային անվտանգության գործակալության Ջորջիայի գրասենյակում ընդամենը 6 աշխատակից է ունեցել նշված փաստաթուղթը տպելու իրավունք: Նրանցից մեկը Վիներն էր, ով, համաձայն մեղադրանքի, փաստաթուղթը էլեկտրոնային փոստով փոխանցել է գրասենյակից դուրս:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ The Intercept-ի աշխատակից Վիվիան Սիուն ասել է, որ կայքը տեղյակ չէր, թե որտեղից է ստացել նամակը:

Փաստաթղթի համաձայն՝ անցյալ տարվա նախագահական ընտրությունների շրջանում ГРУ-ի (Главное разведывательное управление Генерального штаба ВС России) հետ կապեր ունեցող ցանցահենները թիրախավորված հարձակումներ են կատարել Ամերիկայում ընտրողների գրանցումը կատարող և ընտրացուցակները տեղական իշխանության մարմիններին տրամադրող ընկերությունների վրա: Հարձակումը վտանգել է ամբողջ ընտրական համակարգը: Ավելի քան հարյուր պաշտոնյաներ ստացել են վիրուսակիր էլեկտրոնային նամակներ, որոնք ամիսներ շարունակ խարխլել են ընտրական կենտրոնների աշխատանքն ընդհուպ մինչև ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ը:

The Intercept-ը պնդում է, որ հրապարակել է ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին վկայող այսօրվա դրությամբ ամենաթարմ և մանրամասն փաստաթուղթը: Դրա համաձայն, հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական կարգադրությամբ է իրականացվել հետախուզական օղակների միջոցով ապատեղեկատվություն տարածելու և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու քարոզարշավը:

Ինքը Պուտինը կտրականապես հերքում է ռուսների միջամտության մասին լուրերը: Հարցազրույցներից մեկում նա ասել է, թե հաքերները գուցեև կարող են այդ կարգի գործողությունների դիմել, սակայն որևէ պարագայում դա չի արվել և չի արվի իշխանության պատվերով:

Ըստ հրապարակված փաստաթղթի, ГРУ-ի գործակալները 2016 թվականի օգոստոսին փորձել են հայթայթել տեղեկություններ ամերիկյան ընտրական համակարգի ծրագրային և տեխնիկական լուծումների մասին և շրջանառության մեջ դնել կենտրոնական և տեղական իշխանության ընտրատեղամասերի աշխատանքը խափանող վիրուսային ծրագրեր:

Փաստաթղթի համաձայն՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա ռուսների այդ հաքերային ակտիվությունը:

Փաստաթղթում ասվում է նաև, որ անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է Պուտինից պահանջել վերջ տալ հաքերային գրոհներին, սակայն դրանք շարունակվել են առնվազն մինչև հոկտեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG