Չնայած միջազգային հանրության կոշտ հայտարարություններին, այդ թվում՝ ամերիկյան Պետքարտուղարության և Եվրամիության, Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց լրագրող Աֆղան Մուխթարլիի խափանման միջոց կալանքը։
Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է մի շարք հանցանքներում՝ մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Լրագրողը հերքում է այդ մեղադրանքները։
Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, Մուխթարլիի գործը փոխանցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն։
Մուխթարլիի գործընկերներն ու ընտանիքը պնդում են, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իր լրագրողական հետաքննությունների համար, որոնք բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը։