Մատչելիության հղումներ

«Ելք»-ը դրական է համարում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը


Լենա Նազարյանը «Ազատության» տաղավարում, 6-ը հունիսի, 2017 թ․

Իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մինչդեռ, թերահավատ են, որ նոր ստեղծվելիք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կլինի անկախ ու ոլորտում լուրջ արդյունքների կհասնի։

Թեև արդեն Ազգային ժողով ուղարկված՝ հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման մասին նախագիծը սահմանում է, որ ոչ ոք իրավունք չի ունենալու միջամտել հանձնաժողովի գործունեությանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ այդ մարմնի անդամներին նշանակելու է խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը։

«Քաղաքական կայուն մեծամասնության կողմից չի կարող ձևավորվել արդյունավետ հակակոռուպցիոն մարմին, որովհետև իրենք իրենց դեմ պայքարող մարմին չեն ստեղծի: Հասկանալի է, որ այդ մարմնի արդյունավետությունն արդեն իսկ կասկածի տակ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Հանձնաժողովը, որը պետք է իր գործունեությունը սկսի 2018 թ․ ապրիլից, կունենա ԱԺ-ի կողմից նշանակված 5 անդամ, որոնցից յուրաքանչյուրը կաշխատի 6 տարի ժամկետով։ Անդամներին ընտրելու է մրցութային խորհուրդը, որում ներառվելու են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ֆինանսավորվելու է պետական բյուջեից։ Անդամները պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն։ Սաքունցի խոսքով, շրջանառված նախագծով երաշխավորված չէ նաև հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը․ «Հասկանալի չէ, թե ինչպես են ներկայացվելու հաշվետվությունները, դրանց քննարկման հիման վրա ինչ եզրակացություններ են անելու, ինչ որոշումներ են ընդունելու»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրելու է պաշտոնյաների շահերի բախման, էթիկայի կանոնների խախտումների, պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու դեպքերը, ինչպես նաև գույքի ու եկամուտների հայտարարագրերը, որոնց թերի կամ ոչ ճիշտ ներկայացված լինելու դեպքում տվյալ պաշտոնյային ենթարկելու է վարչական պատասխանատվության։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, հանձնաժողովն արդյունավետ չի գործելու, և ապօրինի հարստացող պաշտոնյաները միևնույն է՝ կգտնեն այդ հանձնաժողովի թիրախում չհայտնվելու եղանակները։ «Պաշտոնյան կարող է ունենալ 200 հազար դրամ աշխատավարձ, շրջել 2017 թվականի Ս դասի «Մերսեդեսով» և ասել, որ դա իր ընկերոջ «Մերսեդեսն» է: Ուկրաինայի պարագայում դա էդպես չի: Այնտեղ հայտարարագրման է ենթակա նաև այն գույքը, որը փաստացի օգտագործվում է»,- ասաց Իոաննիսյանը:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը նախաքննություն իրականացնելու իրավասություն չի ունենա, քրեական հանցակազմի ի հայտ գալու դեպքում, նյութերը կուղարկվեն իրավապահներին։ Հանձնաժողովը կարող է գործն ուղարկել գլխավոր դատախազին նաև այն դեպքերում, եթե, օրինակ, բարձրաստիճան պաշտոնատար անձը հրաժարվի լրացուցիչ տեղեկություններ տրամադրել, կամ հանձնաժողովը համարի, որ ներկայացված փաստաթղթերում միտումնավոր կեղծ կամ չհայտարարագրված տվյալներ կան։

Իոաննիսյանի պնդմամբ՝ հանձնաժողովը շատ ավելի արդյունավետ կգործեր, եթե ունենար քրեադատավարական գործողություններ իրականացնելու լիազորություն, ինչպես, օրինակ, Ուկրաինայում գործող համանման հանձնաժողովը։ «Նրանց հանձնաժողովի անդամներն ունեն հետաքննչական գործառույթներ, և իրենց անկախությունը երաշխավորված է բազմաթիվ կողմերից»:

Հակակոռուպցիոն փաթեթի, այդ թվում նաև՝ այս հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող նախագծի հեղինակ, Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, համամիտ չէ ընդդիմախոսների հետ։ Օրերս «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխնախագահը հայտարարեց՝ ընտրել են Հայաստանի համար հանձնաժողովի արդյունավետ մոդել։ Նրա պնդմամբ, հանձնաժողովն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, այդ թվում՝ պատասխանատվության միջոց կիրառելու կարողությամբ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից և ներառվել վաղը մեկնարկող՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում նախագիծը, պատրաստ է անգամ կողմ քվեարկել դրան։ «Ցանկացած նախագիծ, որն ընդդիմությանը և քաղհասարկությանը տալիս է հայտարարագրերի ներկայացման ոլորտը վերահսկելու գործիք, կարծում եմ՝ դրական է»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար պաշտոնյաները եկամուտներից բացի պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը։ «Շատ կուզենայի, որ հայտարարագրվեն պաշտոնյաների անձնական ճամփորդությունները: Քիչ թե շատ աշխարհ տեսած կոռուպցիոները հիմա անիմաստ է համարում կառուցել 7-րդ առանձնատունը կամ գնել 10-րդ ավտոմեքենան և նախընտրում է ճոխ ճամփորդությունը»,- նկատեց պատգամավորը:

Մայիսի 25-ին կառավարության նիստում քննարկման էր ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Դեռևս 2015 թվականին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում էր հենց վարչապետը: Իրավապաշտպանների դիտարկմամբ, այդ խորհուրդը, ինչպես և նախկինում ստեղծված համանման կառույցները, նպատակային չի գործել և ավելի շատ ունեցել է ցուցադրական նշանակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG