Մատչելիության հղումներ

«Լևադա». Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 12 տոկոսը

Տեսարան Մոսկվայից
Տեսարան Մոսկվայից

Հայտնի են Ռուսաստանի այս տարվա թշնամիներն ու բարեկամները. Հայաստանը բարեկամ երկրների ցանկում է, սակայն ռուսաստանցիների ընդամենը 12 տոկոսն է այդ կարծիքին։

«Գլխավոր թշնամին», ինչպես և նախորդ տարիներին, Միացյալ Նահանգներն է, որի հետ, ինչպես Կրեմլն է խոստովանում, ամենալարված հարաբերություններն ունի «սառը պատերազմի» տարիներից ի վեր։

Թշնամիների ցանկում երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինան, ապա՝ Գերմանիան և Բալթյան երկրները։ Ընդ որում, Ուկրաինան թշնամի համարող ռուսաստանցիների թիվը նախորդ տարիների հարցման արդյունքների համեմատ հասել է առավելագույնին՝ շուրջ 50 տոկոսի: Այսպիսին են «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների արդյունքները։

Ռուսաստանյան հեղինակավոր այդ կազմակերպության հրապարակած հարցումների համաձայն, ռուսաստանցիների 70 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված, սակայն նախորդ տարիների համեմատ նման կարծիք ունեցող ռուսաստանցիների թիվը նվազել է՝ հասնելով 70 տոկոսի։

Նոր հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների կեսը համոզված են, որ Ռուսաստանը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ։ Իսկ այն անձանց թիվը, որոնց այդ մեկուսացումն անհանգստացնում է վերջին երկու տարիներին, նվազել է։

Հարցվածների ավելի քան կեսը կարծում են, որ Ռուսաստանի հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ վերջին տարիներ չեն փոխվել։ Այդուհանդերձ, ռուսաստանցիներն ավելի շատ հակված են կարծելու, որ պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները բարելավվում են։

Թուրքիան, որն ընդամենը մեկ տարի առաջ թշնամիների ցանկում երրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, այս անգամ 11-րդ տեղում է։

Մայիսի 19-22-ը Ռուսաստանի 48 մարզում 1600 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի հիմնական բարեկամները Բելառուսը, Չինաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Իրանը և Վենեսուելան են։ Ռազմավարական գործընկեր Հայաստանը բարեկամ են համարում ռուսաստանցիների 12 տոկոսը: Հնդկաստանը, ըստ այդ հարցումների, ռուսաստանցիների համար ավելի հարազատ երկիր է, քան Հայաստանը։

Ռուսաստանցիներն, ի դեպ, բարեկամական զգացմունքներ են տածում նաև Սիրիայի նկատմամբ, ընդ որում, այդ ջերմությունն առաջացել է ընդամենը մեկ տարի առաջ՝ 2016 թվականին, այսինքն՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավվեց սիրիական հակամարտության մեջ՝ օդային հարվածներ հասցնելով սիրիական ընդդիմության դիրքերին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG