Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը Հովսեփ Սիմանյանը կառավարության առաջիկա նիստի ժամանակ պաշտանանկ կարվի:

Հայ հեղափոխական դաշնակցությունը պահում է Շիրակի մարզպետի պորտֆելը, սակայն կուսակցությունը որոշել է, որ Սիմոնյանին կփոխարինի Տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե արդյոք կուսակցությունը հիմնավորել է այդ որոշումը, Սիմոնյանը պատասխանեց․ - «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ կուսակցությունը ինչ-որ բան պիտի հիմնավորի․․․ Ինձ հրավիրել են Գերագույն մարմին, փոխանցել են կուսակցության որոշումը, որ ինձ այլ աշխատանքի են տեղափոխելու և այստեղ մեկ այլ կուսակցական ընկերոջ են առաջադրել, մոտ ժամանակներս կառավարության որոշումը կլինի: Շնորհակալ եմ նաև կուսակցությունից, որ հնարավորություն տվեց նախ ինձ պաշտոնավարելու, ինձ ավելի լավ ճանաչեց մեր ազգաբնակչությունը, կարողացա նաև շատերին օգտակար լինել: Դա էլ մեծ բան է, երբ որ էդ հնարավորությունը ունես դու: Դեռևս չգիտեմ ինչ պաշտոնի կգնամ և ինչ չափով կծառայեմ մեր ժողովրդին»:

«Ես երկար տարիների կուսակցական եմ: Եթե մարդը կուսակցական է, իր համար որևէ բան անակնկալ չպիտի լինի», - հավելեց նա:

Որոշումն անակնկալ չի եղել մարզպետի համար, քանի որ, ըստ նրա, ցանկացած պաշտոնյա պետք է պատրաստ լինի, որ հաջորդ օրը կարող է պաշտանանկ արվել․ - «Պաշտոնյան միշտ էլ պիտի մտածի, որ առավոտը եկավ, հաջորդ օրը ինքը կարող է այլ աշխատանքի տեղափոխվի կամ չաշխատի: Եթե մարդը մտածի, որ սա տրված է իրեն միայն՝ ի վերուստ, գտնում եմ, որ սխալ է: Բնական է ծանր ժամանակ ես պաշտոնավարեցի, կուսակցությունը դրա համար էլ ինձանից շնորհակալ էր շատ․․․ Կարողացել եմ անել այն, ինչ որ հնարավոր էր: Չուզենալ, չցանկանալ ինձ մոտ չի եղել: Եղել է ընդամենը, որ ի վիճակի չեմ եղել այդ խնդիրը լուծելու»:

Ուշագրավ է, որ Դաշնակցությունը Ազգային ժողովի վերջին ընտրություններին գրեթե երկու անգամ ավելի շատ ձայն ստացավ, քան համապետական նախորդ ընտրություններին: Կուսակցության մարզային նախընտրական շտաբի պետը հենց Սիմոնյանն էր: Հարցին, թե այսպիսի արդյունք ապահովելուց հետո ինչո՞ւ է Դաշնակցությունը մարզպետ փոխում, Սիմոնյանը պատասխանեց․ - «Իմ աշխատանքից բացարձակ դժգոհություն չկա: Իհարկե, ինչ-որ բաներ, եթե ես համաձայն չեմ, որ իմ աշխատանքը կապված պիտի լիներ ընտրությունների արդյունքների հետ, այս ընտրություններին իրականում ես փորձել եմ անել այն, օրենսդրությունը չխախտելով, իրականում կարողացել եմ կուսակցության համար լուրջ աշխատանք տանել: Ունեցել եմ նաև երևի էդ ամենի մեջ իմ փոքրիկ լուման: Երևի, երբ որ կուսակցությանը ձայն են տվել, հաշվի են առել, որ էսօր պաշտոնավարում եմ ես: Վաղը կլինի մեկ ուրիշ կուսակցական ընկեր, կարող է շատ ավելի քվեներ հավաքի կուսակցությունը, կամ ավելի պակաս, ես չգիտեմ: Իրականում իմ աշխատանքից դժգոհություն չկա, և սա կապված չի բացարձակ՝ մենք քվե ունե՞նք, թե՞ չէ: Վերջապես ես մտածում եմ, որ նաև այլ աշխատանքներ կան մարդու համար»:

Դաշնակցությանը Շիրակի մարզը վստահվել է 2 անգամ: Ներկայիս ԱԺ տարածքային պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը ամենաերկարն է մարզպետի պաշտոնում աշխատել՝ շուրջ 4 տարի:

Ամենակարճը Հովսեփ Սիմոնյանի պաշտոնավարումն է․ - «Մարտի 3-ին նշանակվել: Մեկ տարի երեք ամիս» Հարցին, թե ինչ չհասցրեց իրականացնել, նա արձագանքեց․ - «Ափսոսելու շատ բան ունեմ: Որովհետև էն ցանկությունները, որ ուզում էի իրականություն դառնար, շատ-շատ էդ ցանկությունները մնացել են իրականություն չդարձած»:

Հովսեփ Սիմոնյանն ասաց նաև, որ դեռ չգիտի, թե իրեն ինչ աշխատանք են առաջարկելու:

XS
SM
MD
LG