Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան» -2017-ը կանցկացվի հուլիսի 9-16-ը


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը (ձ) և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այսօր հրավիրած ասուլիսում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները նշեցին, որ փառատոնի մասնակցության համար ստացվել էր 1100 հայտ՝ 96 երկրից, ընդունվել է ավելի քան 100 ֆիլմ, որոնք կինոարվեստի մեր երկրպագուները կարող են դիտել փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում:

«Աշխարհի լավագույն ֆիլմերը փորձում ենք բերել», - ասաց փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: - «7-8 լավագույն ֆիլմերը Կաննի փառատոնի, Բեռլինի հաղթանակած ֆիլմերը, Ռոտեմդամի երեք լավագույն ֆիլմերը, Վենետիկի հաղթանակած ֆիլմերը: Այնպես որ, խրախճանք ա լինելու կինոսիրողների համար»:

«Այս տարի մենք Չինաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերեցին 4 շարժական կինոթատրոններ, և քաղաքում լինելու են շարժական կինոցուցադրություններ: Ավելին պիտի ասեմ՝ այն ֆիլմերը, որոնք իրավունք կունենանք հետագայում շրջագայելու հանրապետության տարբեր մարզեր, մեր շրջիկ կինոթատրոնների միջոցով կցուցադրվեն տարբեր մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում», - հավելեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանի խոսքով, այս տարի շատ անվանի և ուշագրավ կինոգործիչներ են ընդգրկվել մրցութային հանձնաժողովներում․ - «Խաղարկային ժյուրիում չորս ռեժիսոր են ընդգրկված, և գլխավորելու է բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը, որի մի ֆիլմը չորս անվանակարգերում «Օսկար»-ի է արժանացել, իսկ մնացած ֆիլմերը և՛ «Օսկարի» նոմինանտ են եղել, և՛ Կաննում են մրցանակներ ստացել, և՛ բազմաթիվ այլ հեղինակավոր փառատոններում»:

Հարություն Խաչատրյանը հավելեց․ - «Ընտրել ենք մեծ հսկաների մեր ժյուրիում: Մարդիկ են, որոնք երազված են գոնե մեկը մի փառատոնում լինել: Մեր մոտ 10-12 հոգի էդպիսի մարդիկ են գալիս, որոնք աշխարհի կինոյի հիմքերից են, անուններից են»:

Խոսելով փառատոնի արդյունավետ գործունեության մասին՝ նախարար Ամիրյանը շեշտեց, որ այն իր որոշակի ազդեցությունն է ունեցել նաև վերջին տասնամյակում հայ կինոյի զարգացման վրա։

«Ազատության» հարցին, թե կոնկրետ այդ առումով կազմակերպիչներն ինչպես են գնահատում փառատոնի գործունեությունը, Հարություն Խաչատրյանն ասաց․ - «Ի՞նչից սկսվեց փառատոնը: Էն ժամանակ չկար կինո․ վաճառել էին կինոթատրոնները, վաճառվել էր կինոստուդիան, ֆիլմ չկար, մասնագետներ չկային, բոլոր մասնագետները մեկնել էին աշխարհի տարբեր անկյուններ: Երկու ճանապարհ կար․ մեկը, որ պետականորեն մեծ գումար հատկացվեր կինոյի զարգացմանը: Եվ երկրորդ ճանապարհը՝ ստեղծել կինոմթնոլորտ Հայաստանում․ բերել մասնագետներ, բերել նորագույն կինոմտածողություն, որպեսզի մարդի սիրահարվեն կինոյին և սկսեն կինոյով զբաղվել: Եվ այդպես էլ եղավ: Առաջին տարին մենք ունեինք երկու հայկական ֆիլմ՝ կիսատ-պռատ ինվալիդ ֆիլմեր: Այսօր մենք ունենք 45 հինգ հայկական ֆիլմ մեր ծրագրում, և ունենք մի 50 ֆիլմ, որ չենք ընդունել: Մարդիկ նեղացել են, մեր վրա դիմումներ են գրում»:

Մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» օրենքի կապակցությամբ Հարություն Խաչատրյանն ասաց․ - «Մի քանի անգամ հանդիպել ենք, խոսել ենք․․․ ինչ որ որոշել են, շատ գեղեցիկ ա մտածված: Եթե նախարարությունը կարողանա կառավարության հետ մեկտեղ ընտրել ճիշտ օրենքները, ճիշտ ձևաչափերը, մնացածով արդեն կարող է և չզբաղվել նույնիսկ: Մնացածով արդեն հեշտությամբ կզբաղվեն մասնավորները, որովհետև օրենքները էնքան իրավունք են տալիս, էնքան հնարավորություն են տալիս․․․»

Վերջին մի քանի տարիներին «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչները փառատոնի բացման համար մի ուշագրավ նորույթ ներմուծեցին՝ փառատոնը բացել ոչ թե արտասահմանյան շատ հայտնի ֆիլմի ցուցադրությամբ, այլ փառատոնի բացմանը ներկայացնել ամենահին հայկական ֆիլմերը: Եվ ահա այս տարի փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի նկարահանած «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ, քանի որ հենց այս տարի է լրանում այդ ֆիլմի ստեղծման 90-ամյա հոբելյանը:

Կփակի փառատոնը Ջո Բեռլինգերի «Ոչնչացման մտադրությամբ» խորագրով Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG