Գերմանիան սկսում է դուրս բերել իր զորախումբը թուրքական Ինջիրլիքից: «Մեզ այլ բան չի մնում», - ժամեր առաջ հայտարարեց արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Գաբրիելը Անկարա էր ժամանել՝մի վերջին անգամ հորդորելու Թուրքիայի իշխանություններին թույլ տալ Բունդեսթագի պատգամավորների մուտքը ռազմակայան, որտեղ շուրջ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: Դռնփակ բանակցությունները, սակայն, ըստ էության արդյունք չտվեցին:
«Իմ թուրք գործընկերը բացատրեց, որ այս իրավիճակում Թուրքիան չի կարող արտոնել գերմանացի օրեսդիրների մուտքը Ինջիլիք՝ներքաղաքական պատճառներով: Ցավում եմ դրա համար: Մյուս կողմից,ես էլ խնդրեցի ըմբռնումով մոտենալ այն փաստին, որ նույն այդ՝ ներքին հարցերի պատճառով Գերմանիան էլ պետք է դուրս բերի իր զինվորներին Ինջիրլիքից: Գերմանիայում բանակը խորհրդարանին է ենթարկվում, և Բունդեսթագը հստակ պահանջում է, որ պատգամավորները կարողանան տեսակցել զինվորներին ցանկացած ժամանակ», - ասաց Զիգմար Գաբրիելը:
ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջև հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց անցած տարվանից, երբ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարաձայնությունները, սակայն, հասան իրենց կիզակետին այս տարի, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: Իրավիճակն է՛լ ավելի սրվեց, երբ Բեռլինը քաղաքական ապաստան տվեց Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների, Անկարան էլ ձերբակալեց ծագումով թուրք գերմանացի լրագրողի՝ ահաբեկչությանը առնչություն ունենալու մեղադրանքներով:
Տե՛ս նաև այստեղ