Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանում է Անկարա՝ հարթելու խորացող տարաձայնությունները


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը մեկօրյա այցով ժամանել է Անկարա՝ հետզհետե խորացող տարաձայնությունները հարթելու և Ինջիրլիքի ռազմակայանի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու համար:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս Բունդեսթագի պատգամավորներին այցելել ռազմակայանում տեղակայված գերմանացի զինվորներին՝ է՛լ ավելի սրելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի հետ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ֆաշիստ ու նացիստ էր որակել Գերմանիայի իշխանություններին, որոնք թույլ չէին տվել թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզարշավ անցկացնել սահմանադրական փոփոխությունների օգտին: Բեռլինն էլ քաղաքական ապաստան էր տվել թուրք զինվորներին ու դիվանագետներին, որոնց հայրենիքում մեղադրում են անցած տարվա հեղափոխության փորձին մասնակցելու համար:

«Հույս ունեմ՝ ինձ կհաջողվի բարելավել մեր հարաբերությունները», - ժամանումից առաջ ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ միաժամանակ զգուշացնելով, որ վատագույն սցենարի դեպքում Բեռլինը պատրաստ է կտրուկ քայլերի: «Եթե ինչ-ինչ ներքաղաքական խնդիրների պատճառով Թուրքիան չի կարող կամ չի ուզում թույլ տալ մեր պատգամավորների մուտքը ռազմակայան, ուրեմն, կողմերը պետք է գտնեն քաղաքակիրթ ճանապարհ՝ գերմանացի զինվորներին այնտեղից դուրս բերելու համար», - ասել է Գաբրիելը Bild am Sonntag պարբերականին՝ ընդգծելով. - «Գերմանացի պատգամավորները պետք է կարողանան Ինջիրլիք մտնել ոչ թե ընդամենը մեկ անգամ, այլ՝ երբ կամենան»:

Ավելի վաղ պաշտոնական Բեռլինը՝ կանցլեր Անգելա Մերկելի մակարդակով, հայտարարել էր, թե այս հարցում համաձայնության չգալու դեպքում Գերմանիան իր զինվորներին այլ երկիր կտեղափոխի: «Դիտարկվում է Հորդանանի տարբերակը», - այցից առաջ ևս մեկ անգամ նշել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ հստակ ընդգծելով, որ Դաշնային Հանրապետությունը պատրաստ է դրան:

Թուրքիայի արտգործնախարարը, արձագանքելով այս զգուշացումներին, օրեր առաջ ասել էր՝ «հեռանում են՝ թող գնան, կասենք բարի ճանապարհ»: Այսօր՝ Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից առաջ էլ Մևլութ Չավուշօղլուն պնդել է՝ Թուրքիան ուզում է բարելավել հարաբերությունները, սակայն Գերմանիան էլ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG