Մատչելիության հղումներ

«Ինջիրլիքի» շուրջ Գերմանիա-Թուրքիա դիմակայությունը շարունակվում է, Անկարան անդրդվելի է


«Ինջիրլիք» ավիաբազան, արխիվ

Թուրքիան և Գերմանիան դեռևս համաձայնության չեն եկել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված խնդրի շուրջ։ Անկարան հայտարարում է, թե պատրաստ է «ցտեսություն» ասել «Ինջիրլիքից» դուրս գալու հարց բարձրացրած գերմանացիներին։ «Ներկա պայմաններում «Ինջիրլիքը» չենք կարող բացել գերմանացի խորհրդարանականների համար»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ եթե գերմանական կողմը «դրական քայլեր ձեռնարկի», ապա իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը։ «Նրանք կարող են գնալ Քոնիա, որտեղ ՆԱՏՕ-ի ավիաբազան է տեղակայված։ Բայց «Ինջիրլիքն» իմ ավիաբազան է, և շահագործման հարցն էլ ես եմ որոշում։ Թող մեզ չսպառնան, թե ուրիշ տեղ են գնալու։ Սա ճիշտ մոտեցում չէ։

Եթե, այդուհանդերձ, ցանկանում են հեռանալ, ապա հակառակը չենք պնդելու։ Նրանց ցտեսություն կմաղթենք, ինչպես որ բարի գալուստ ենք ասել»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Վերջինս հայտնել է նաև, որ Գերմանիայի իր պաշտոնակից Սիգմար Գաբրիելն առաջիկա երկուշաբթի կժամանի Թուրքիա՝ քննարկելու բազայի շուրջ առաջացած ճգնաժամը։

Մինչ այդ, Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ հանդես գալ թուրքական ավիաբազայից գերմանացի զինվորականներին դուրս բերելու նախաձեռնությամբ։ Վերջնական որոշումը կայացնելու է Դաշնային խորհրդարանը։

Անցած շաբաթ թուրքական կառավարությունը «Բունդեսթագի» պատգամավորներին կրկին արգելել էր՝ մուտք գործել «Ինջիրլիք», տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին: Անկարան պատճառաբանել էր, թե այցելությունն անժամանակ է: Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց՝ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա իրենք գերմանացի զինվորականներին դուրս կբերեն թուրքական ավիաբազայից։

ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լարվածության մեկ այլ պատճառ էլ դարձավ այս տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթների արգելումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG