Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր Գերազանցության կենտրոն է բացվել:
Կենտրոնը ստեղծվել է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսաստանյան «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով և բացվում է «Տաշիր»-ի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի՝ այս տարվա մարտի 8-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա և «Շնեյդեր էլեկտրիկ»-ի ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Պատասխանատուների հավաստմամբ՝ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաև էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։
Կենտրոնի բացման շրջանակում տեղի է ունեցել նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը: