Մատչելիության հղումներ

Մշակող հակածխախոտային ռազմավարությունը «չի նախատեսում» ծխախոտի գնի բարձրացում


Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արխիվ:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, արխիվ:

«Ազատության» հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցրեց, որ դեռ մշակվող, բայց արդեն աղմկահարույց հակածխախոտային նոր ռազմավարությունը ծխախոտի գնի բարձրացում առայժմ չի նախատեսում:

Օրերս վերանշանակված նախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունը առաջին հերթին հանրային վայրերում ծխելու արգելքի մասին է:

«Ազատության» դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միության կանոնների պահանջով ծխախոտն ամեն դեպքում պիտի թանկանար, և հակածխախոտային նոր ռազմավարության քողի տակ դա կոծկվում է, նախարարն արձագանքեց․ - «Եթե մարդկանց ինչ-որ բանում պետք է ինչ-որ մեղադրանքներ առաջ քաշել, միշտ առիթը կստեղծվի․․․ Թանկացման մասին ոչ մեկ չի խոսում հիմա: Հիմա խոսվում է օրենսդրության ստեղծման անհրաժեշտության մասին․․․ Նախատեսում ենք, որ օրենսդրական սկիզբը, ստարտը կտրվի կառավարության կողմից մոտակա նիստերին: Հետո նոր կսկսենք ստեղծել փաթեթը: Փաթեթը կներկայացվի կառավարություն սեպտեմբեր-հոկտեմբերին, կնայվի կառավարությունում, և երևի թե դեկտեմբեր-հունվարին կներկայացվի խորհրդարան»:

Ալթունյանը հավելեց, որ այդ ընթացքում կկազմակերպվեն հասարակական լսումներ և քննարկումներ:

Նախարարը նաև նշեց, որ հանրային վայրերում ծխախոտի արգելքի մասին իր հայտարարությունը սխալ է մեկնաբանվել: Մասնավորապես, ինքը ծխողներին անհաջողակներ չի անվանել․ - «Մի քիչ աղավաղված ա սիտուացիան: Ոչ մեկին մեղադրանք չէր ներկայացվել: Ասվել էր, որ ամբողջ աշխարհում կերտվում ա այդպիսի իմիջ, որպեսզի նոր սերունդը զերծ մնա ծխելուց: Ընդամենը այդքանը»:

Նախատեսվում է, որ ծխելը կարգելվի պետական և մասնավոր հաստատություններում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հիմնարկներում։ Արգելքը չի վերաբերի անհատական տարածքներին, սակայն, օրինակ, ռեստորաններում ծխելու դեպքում ռեստորանատերը կտուգանվի 10 հազար դոլարին համարժեք դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG