Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել ծխելը հանրային վայրերում


Հակածխախոտային նոր ռազմավարությունը, որի շրջանակներում նախատեսվում է ծխելն արգելել հանրային վայրերում, Առողջապահության նախարարությունն ուղարկել է Կառավարություն, սպասում են գործադիրի հաստատմանը։

Նախարար Լևոն Ալթունյանը երեկ հայտարարեց, որ օրինագիծն ամենայն հավանականությամբ խորհրդարան կուղարկվի նոյեմբերին․ - «Հայերը օրինապաշտ ազգ են, հայերը սիրում են նորություն, հայերը սիրում են առողջ և հաջողակ լինել: Ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի հաղթել այս չարիքը: Ամենալավ միջոցն է՝ կպնել գրպանին և ոչ թե հոգեբանությանը»:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը «Ազատության» հետ զրույցում որոշ փակագծեր բացեց։ Ըստ նախագծի, ծխելը կարգելվի պետական և մասնավոր հաստատություններում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հիմնարկներում։

Բազարչյանը հավելում է, որ արգելքը չի վերաբերի անհատական տարածքներում և, օրինակ, սեփական ավտոմեքենաների մեջ ծխելուն։

Նախատեսվում է նաև հանրային բոլոր վայրերում արգելել ծխախոտի գովազդը․ - «Ուզո՞ւմ ես ծխես, խնդրեմ՝ դուրս արի, մի պահ ծխի, հետ արի: Ոչ մեկ չի ասում՝ դու մի՛ ծխի: Դուրս արի, ծխի»:

Առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանում 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում ծխողների թիվը հասնում է 55 տոկոսի: Կանանց շրջանում ծխողների միջին թիվը 3 տոկոս է, բայց կան շրջաններ ու տարիքային խմբեր, որտեղ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Օրինակ, Երևանում բնակվող 30-40 տարեկան կանանց շրջանում այն կազմում է 8-10 տոկոս:

Ուշագրավ է, որ Առողջապահության նախարարի հակածխախոտային նոր ռազմավարությունը թեժ քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում: Մասնավորապես այն, որ Լևոն Ալթունյանը ծխողներին անհաջողակ էր անվանել: Քննադատության է ենթարկվում նաև նախարարի այն հայտարարությունը, թե նոր օրինագծով հանրային վայրում ծխելը թույլատրելու դեպքում տարածքի սեփականատերը կտուգանվի մինչև 10 հազար դոլարով:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը հերքում է այն պնդումները, թե այս ամենն արվում է էլեկտրոնային սիգարետների շուկան ընդլայնելու համար․ - «Որպես առողջապահական ռեֆորմ, էլեկտրոնային սիգարետի մտցնելու խոսք ընդհանրապես կանգնած չի»:

Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերահավատ է, որ նախարարի ներկայացրած ռազմավարությունը իրական բարեփոխումներ է ենթադրում:

«Մասնավոր սեգմենտի նկատմամբ խիստ վերահսկողություն և կառավարելի իրավիճակ ստանալը: Մասնավորապես, ես ունեմ ռեստորան, Դուք ունեք ռեստորան: Ձեր ռեստորանում ծխել կարելի է, իմ ռեստորանում չի կարելի: Կամա թե ակամա, դուք ավելի լավ կարգավիճակում եք: Իսկ եթե օրենքը մասնակի է գործում՝ մեկի համար գործում է, մյուսի համար չի գործում․․․ սա մեկ: Եվ երկրորդ, մենք սկսում ենք արտոնություններ տալ սիգարետի այլ փոխարինիչներին»:

Սպառողների իրավունքների պաշտպանը կողմ է ծխելու դեմ պայքարին, բայց կարծում է, որ Ալթունյանի առաջարկը կյանքի չի կոչվի։ Նա մատնանշում է «Ծխախոտի իրացման, սպառման և սահմանափակումների մասին» գործող օրենքը՝ պնդելով, որ այն չի կիրառվում․ - «Տարիներ շարունակ մենք ծխախոտի դեմ բավական չի չենք պայքարել, այլ ուղղակի պրոպագանդել ենք ծխելը՝ գովազդներով, որևէ սահմանափակում չկիրառելով, հակագովազդ և հակապրոպագանդող ոչ մի քայլ չիրականացնելով՝ բացառությամբ թղթի վրա գրված մի քանի համապատասխան իրավական ակտերի»:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը թերահավատ է, թե տուգանքների ահռելի չափը կկրճատի ծխողների թիվը․ - «Հասարակական վայրերում ծխելը արգելելը ընդհանրապես, ինձ թվում է, չի ազդի ընդհանուր տնտեսության վրա ու ծխելու դեմ պայքարի վրա: Որովհետև մարդիկ փաբի մեջ կամ ռեստորանի մեջ չեն ծխի, դուրս կգան, դրսում կծխեն: Կամ կհավաքվեն ինչ-որ մեկի տանը, էդտեղ կծխեն․․․»:

Թունյանը մատնանշում է Ազգային ժողովը, որտեղ ծխելն արգելված է, բայց այդ արգելքը շարունակում է խախտվել։ Նա նշում է, որ 2017-ից մինչև 2021-ը նախատեսվում է ամեն տարի ծխախոտի ակցիզային դրույքաչափը 15 տոկսով բարձրացնել, ըստ այդմ՝ կթանկանա նաև ծխախոտը։

Արդյո՞ք ծխախոտի թանկացումը կազդի ծխողների թվի վրա, տնտեսական մեկնաբանը դժվարանում է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG