Մատչելիության հղումներ

Կառավարությունը վստահեցնում է, որ ապահովելու է տնտեսության 3.2 տոկոսանոց աճը


Կառավարության նիստը, արխիվ:

2016-ի գրանցված ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճից հետո, Կառավարությունում այս տարի վստահ են, որ տարեսկզբին խոստացված 3.2 տոկոս տնտեսական աճն ապահովելու են։

«3.2 տոկոս տնտեսական աճը դա այն է, ինչ որ մենք ջանքեր են գործադրելու ․․․ դա մեր ներքին տնտեսական պոտենցիալի աճի հաշվին է լինելու, որ մենք կարողանանք իրատեսորեն ունենանք աճի այդ ցուցանիշը», - ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարար Արամյանը նշում է տնտեսական աճին նպաստող գործոնները՝ Ռուսաստանում տնտեսական դրական միտումներից մինչև հարկերի ակտիվ հավաքագրում՝ հիմնական շեշտը, այնուամենայնիվ, դնելով ներդրումների վրա․ - «Կառավարության նիստերում մենք ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորություններ ենք տվել բազմաթիվ տնտեսվարողների: Բնականաբար՝ նաև ներդրումները․ ներդրումները նյութանականալու են այս տարի: Նաև ասեմ, որ առաջին եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը արդեն իսկ հրապարակվել է, և այստեղ մենք ունենք շուրջ 30 տոկոսանոց աճ»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարվել է ավելի քան 40 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում։ Իսկ նույն ժամանակահատվածում ընդանուր ներդրումները կազմել են 63.5 միլիոն դոլար:

«Այնպես որ, այն ծրագրերը, որ հայտարարել էինք, բնականոն հունով ընդանում են առաջ», - նշեց Սուրեն Կարայանը:

Կարայանի լավատեսությունը չի կիսում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը․ - «Եռամսյակային կտրվածքով մոտավորապես 40-ից մի քիչ ավելի միլիոն դոլարի ներդրումը հաջողություն համարելը ուղղակի լուրջ չի: Ինչ վերաբերում է 850 միլիոն դոլարի ներդրումներին սպասելը, կարող ենք էլի սպասել: Բայց համոզված եմ, որ որևէ հաջողություն մենք այդ բնագավառում չենք կարող արձանագրել, որովհետև իրականում մեր մոտ ոչինչ չի փոխվել: Ուղղակի կառավարության ներկայացուցիչների դեմքեր են փոխվել, բայց մոտեցումը, գաղափարախոսությունը վարվող քաղաքականություն չի փոխվել»:

Տնտեսագետը նաև ուշադրություն է հրավիրում Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած մեկ այլ ցուցանիշի վրա։ 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից ավելի գումար դուրս է եկել, քան կատարվել է ներդրում, կամ այլ խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է։

Տնտեսական զարգացման նախարարը, սակայն, շտապում է կանխել մտահոգությունը՝ պնդելով, թե Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել․ - «Զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի վերագրել որպես կապիտալի արտահոսք Հայաստանի Հանրապետությունից, որովհետև դրա մեջ է մտած այն գումարները, որոնք որ Հայաստանի կազմակերպությունների կողմից որպես կանխավճար կամ որպես վճար փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար»:

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ տնտեսագետը, սակայն, կասկածի տակ է առնում նախարարի վստահությունը՝ ինչպե՞ս են տարբերակում կապիտալի արտահոսքը բիզնեսի կանխավճարներից․ - «Ինչին որ տիրապետում եմ ես կամ շատերը, որոնք աշխատում են վիճակագրական ծառայության հետ, մենք իրավունք ունենք ասելու, որ սրանք պարզապես կապիտալի արտահոսք են»:

Խաչատրյանը չի բացառում, որ հարկային կանխավճարների, պետական պարտքի ավելացման հաշվին Կարեն Կարապետյանի կառավարությանն ի վերջո հաջողվի ապահովել 3 տոկոսի տնտեսական աճը: Բայց, իրակա՛ն աճի պարագայում, ըստ նրա, Հայաստանի քաղաքացիները դա անմիջապես կնկատեին իրենց կյանքում․ - «Մարդկանց բարեկեցության բարձրացո՞ւմ է տեղի ունեցել, մարդիկ ավելի քի՞չ են հակված երկրից դուրս գնալու, թե՞ ավելի շատ են հակված: Երբ որ մենք չենք փորձում ուղղակի Հայաստանում ներդրումային նորմալ իրավիճակ ստեղծել, իսկապես տնտեսավարման նորմալ պայմաններ ստեղծել՝ հավասար մրցակցություն, օրենքի առջև հավասարություն, ընդհանուր ընդունված նորմերի ապահովում, որոնք նաև իրենց հերթին կանխորոշված կլինեն, պայմանավորված կլինեն ոչ թե անձերով, այլ ինստիտուտներով, մենք էդ դեպքում կարող ենք իսկապես լուրջ խոսել տնտեսական աճի մասին, և ավելի քիչ՝ դրսի ազդեցության մասին»:

Ամփոփելով՝ տնտեսագետը կարծիք է հայտնում, որ ներդրումների խոստումներ տված և բարեփոխումների մասին հայտարարած կառավարության վերջին 9 ամիսների գործողությունները որևէ էական փոփոխության առիթ չեն դարձել․ - «Հայաստանում շարունակվում է այն, ինչը տարիներ շարունակ շարունակվել է՝ կոռուպցիան, իշխանության հովանավորչությունը և քաղաքական և տնտեսական մենաշնորհները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG