Մատչելիության հղումներ

Արևմուտքի և Թուրքիայի տարաձայնությունները տեղափոխվում են ՆԱՏՕ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բրյուսել, 25-ը մայիսի, 2017թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բրյուսել, 25-ը մայիսի, 2017թ․

ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրներ մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ տարվա ամառային գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու մասին, հաղորդում է գերմանական WELT-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Ըստ պարբերականի, թուրքական հրավերը արգելափակել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և Դանիան, ինչին համաձայնել են նաև կառույցի անդամ 18 եվրոպական երկրներն ու Կանադան:

«Մենք չենք ուզում ամրապնդել Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում, նաև չենք ուզում տպավորություն ստեղծվի, թե Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Էրդողանի ներքին քաղաքականությունը», - պարբերականին ասել են ՆԱՏՕ-ի պաշտոնյաները:

Անցած ապրիլին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններով Ռեջեփ Էրդողանը, ըստ էության, ընդարձակեց նախագահի լիազորություններն ու ստացավ մինչև 2029 թվականը երկրի ղեկն իր ձեռքը պահելու իրավունք: Ամրապնդելով դիրքերը տանը՝ Թուրքիայի նախագահը միաժամանակ խորացրեց տարաձայնությունները Արևմուտքի հետ, որտեղ այս փոփոխությունները հակաժողովրդավարական էին գնահատվել: Ամենամեծ լարվածությունը գրանցվեց թուրք-գերմանական հարաբերություններում, պաշտոնական Բեռլինը ոչ միայն արգելեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել, այլև քաղաքական ապաստան տվեց Էրդողանի ընդդիմախոսներին, որոնց հայրենիքում մեղադրում են անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու համար: Ի պատասխան՝ Անկարան արգելափակեց Բունդեսթագի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ շուրջ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: Անցած շաբաթներին Գերմանիայի կանցլերը մի քանի անգամ սպառնաց՝ եթե հարցը չլուծվի, Բեռլինն իր զինվորներին այլ երկիր կտեղափոխի, հետո Անգելա Մերկելն անձամբ բարձրացրեց այս հարցը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Առայժմ, սակայն, Անկարան չի ընկրկում: «Գերմանացի պատգամավորների մուտքի արգելանքը կմնա ուժի մեջ», - նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, միաժամանակ ընդգծելով՝ Անկարան, սակայն, պատրաստ է վերանայել այդ որոշումը, եթե դրական քայլեր տեսնի Բեռլինի կողմից:

«Մենք ակնհայտ տեսնում ենք, որ Գերմանիան աջակցում է այն ամենին, ինչ հակասում է Թուրքիայի շահերին, և այս պայմաններում անհնար է, որ մենք բացենք ավիաբազան գերմանացի պատգամավորների առաջ: Սակայն եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, մենք կարող ենք և վերանայել այս դիրքորոշումը», - ասել է Չավուշօղլուն:

Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կմեկնի Ադանա՝ վիճահարույց այս հարցը քննարկելու: Մինչ այդ, պաշտոնական աղբյուրները հրապարակավ չեն հաստատում, բայց և չեն հերքում, որ դաշինքի առաջատար երկրները մերժել են Թուրքիայի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցում: «Մյուս կողմից, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, բնականոն հարց է ծագում՝ արդյոք ճիշտ ուղերձ կլինի, եթե Թուրքիան այդ գագաթնաժողովը հյուրընկալի», - Deutsche Welle-ին ասել է ռազմական գծով փորձագետ Ռայկ Հահնլեինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG