ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդգրության համաձայն, նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Դ.Սիմոնյանը ՀՀ Ազգային Ժողովի ընրություններին մասնակցելու նպատակով 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, եղբոր՝ Գ.Սիմոնյանի հետ այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս։ Իր մոտ չունենալով անձնագիր՝ Դ.Սիմոնյանը եղբոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով մուտք է գործել ընտրատեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել մեկ այլ անձի՝ Գ.Սիմոնյանի փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։