Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ Հայաստանի հետ համագործակցությունը չի դադարի․ Զանիեր


Լամբերտո Զանիերը և Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամլո ասուլիս են տալիս, Երևան, 30-ը մայիսի, 2017 թ․

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, ղարաբաղյան կարգավորման համատեքստում առայժմ խոսք կարող է լինել միայն նախարարական մակարդակով հանդիպման հնարավորության մասին:

Չնայած Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, համագործակցությունը կազմակերպության և Հայաստանի միջև կշարունակվի, և այժմ քննարկվում են այդ համագործակցության ձևերը: Այսօր այս մասին Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Նա տեղեկացրեց, որ Երևան է ժամանել՝ գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպելու և նրանց հետ գրասենյակի փակման հետ կապված հարցերը քննարկելու համար:

«Գրասենյակի փակումը չի նշանակում, որ Հայաստանի հետ համագործակցությունն ավարտվելու է: Մեր օրակարգում բազմաթիվ կետեր կան, որոնք կարևոր են, ուստի՝ աշխատելու ենք տարբեր ճանապարհներ գտնել՝ միասին աշխատելու և վստահեցնելու համար, որ գրասենյակի փակումը միայն նշանակում է՝ փակվել է համագործակցության ընդամենը մեկ գլուխ, սակայն, բացվել են համատեղ աշխատելու նոր ճանապարհներ:

ԵԱՀԿ-ն շարունակելու է ներգրավված լինել՝ տարբեր եղանակներով աջակցելով ընտրությունների անցկացմանը: Կան նաև ընթացքում գտնվող կարևոր ծրագրեր, որոնց մենք մասնակցում ենք միայնակ կամ այլ միջազգային գործընկերների հետ: Մենք նաև ձգտում ենք օգտագործել այդ գործընկերությունը՝ ապագայում մեր ներգրավվածությունը շարունակելու համար»,- ասաց Լամբերտո Զանիերը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին վերջնականապես հայտնի դարձավ այս ամսվա սկզբին, երբ Ադրբեջանը խոչընդոտեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնարին դարձնելով 2000 թվականից գործող երևանյան գրասենյակի հետագա գործունեությունը: Այն իր աշխատանքը կդադարեցնի օգոստոսի 31-ից:

ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչները, Եվրամիությունը, նաև Միացյալ Նահանգներն ափսոսանք էին հայտնել գրասենյակի փակման կապակցությամբ: Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ երկու տարի առաջ էլ փակվել էր Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը:

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման ուղղությամբ Բաքվի քայլերն ուղղված էին միջազգային այդ կառույցի դեմ: «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը:

Բաքուն սա փորձում էր ներկայացնել Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն, իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին, մի գործունեություն, որն ուղղված է ԵԱՀԿ-ի դեմ»,- ասուլիսում հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե ԵԱՀԿ-ն կարծես ձեռնպահ մնաց Ադրբեջանի քայլերի վերաբերյալ գնահատական հնչեցնելուց, Լամբերտո Զանիերն արձագանքեց․ «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի հիման վրա, և մենք երբեք մատնացույց չենք անում կոնսենսուսի ձեռքբերմանը խոչընդոտողին: Ուստի՝ մենք այս հարցին չենք մոտենում, մեղադրելով այս կամ այն երկրին՝ կոնսենսուսի մաս չկազմելու համար: Սակայն, ես ափսոսանք եմ հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այլևս չի գործելու»:

Էդվարդ Նալբանդյանն ասուլիսի ժամանակ նաև տեղեկացրեց՝ մոտ 10 օրից Երևան ու Ստեփանակերտ են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ առաջիկայում հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպում, այս հարցին Հայաստանի արտգործանախարարը պատասխաեց․

«Հայաստանը միշտ կողմ է եղել, երբեք դեմ չի եղել հանդիպումներին թե՛ նախարարների մակարդակով, թե՛ նախագահների մակարդակով: Եվ եթե հասունանա վիճակը, նման հանդիպումներ հնարավոր են: Այն իմաստով, որ այդ կարգի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, հատկապես բարձր՝ նախագահների մակարդակով հանդիպումները: Բարձր մակարդակի հանդիպումը պետք է պատշաճ ձևով նախապատրաստված լինի: Դրան են ուղղված նաև նախարարական հանդիպումները: Առայժմ խոսք կարող է լինել միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG