Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ


Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեյթ Բայրնեսը:

«Ցավում ենք, որ փակվում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը: Այդ գրասենյակները անգնահատելի աջակցություն են ցուցաբերում այն երկրներին, որտեղ գտնվում են՝ օգնելով ամրապնդել նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին, ապահովելով վաղ նախազգուշացում և ճգնաժամերի կառավարում, խրախուսելով երկխոսություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև», - ասված է հայտարարության տեքստում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում:

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի գերմանական և ավստրիական նախագահությունների վճռական ջանքերը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու ուղղությամբ: Ափսոսում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել մանդատի երկարաձգմանը, քանի դեռ Գրասենյակը շարունակում է իր մարդասիրական ականազերծման հետ կապված գործունեությունը: Հայաստանը, հավատարիմ մնալով փոխհամաձայնության ոգուն, համաձայնեց Գրասենյակի այդօրինակ գործունեության դադարեցմանը: Չնայած նախագահության՝ ամիսներ շարունակ գործադրած ջանքերին, հնարավոր չեղավ հասնել այնպիսի ձևակերպման, որը կբավարարեր բոլոր անդամ երկրներին և թույլ կտար ընդունել մանդատի երկարաձգման մասին Մշտական խորհրդի որոշում», - հիշեցնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը:

«Մենք կոչ ենք անում Նախագահությանը և Գլխավոր քարտուղարին՝ նոր ուղիներ փնտրել Հայաստանում, և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունը պահպանելու համար», - ասված է հայտարարությունում:

Միացյալ Նահանգները նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Ավակովին և նրա աշխատակազմին՝ «գերազանց աշխատանքի և նվիրվածության համար՝ հատկապես հաշվի առնելով վերջին ամիսներին Գրասենյակի ապագայի հետ կապված անորոշությունը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG