Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից:
«Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային և գովազդային քաղաքականություն: Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, <....> այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա»:
«Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար», - ընդգծել է Սարգսյանը: - «Այս ծրագրի գործադրմամբ մենք կարևոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված և բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ»:
«Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ և պահանջված՝ մրցունակ, պահանջված նաև մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, և սա էլ կլինի, երևի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ղեկավարը: