Մատչելիության հղումներ

Բեռլինը խստացնում է քննադատությունը Թրամփի հասցեին


Իտալիա - ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, Տաորմինա, Սիցիլիա, 26-ը մայիսի, 2017թ․
Իտալիա - ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, Տաորմինա, Սիցիլիա, 26-ը մայիսի, 2017թ․

Պաշտոնական Բեռլինը երեկ է՛լ ավելի խստացրեց քննադատությունը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին: Կանցլեր Անգելա Մերկելից հետո նաև արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարեց, թե «ամերիկյան կառավարությունն իր կարճատես քաղաքականությամբ թուլացրել է Արևմուտքն ու հարվածել Եվրոպայի շահերին»:

«Եթե Թրամփի վարչակազմը կարծում է, որ ազգային շահեր առաջ տանելն ավելի կարևոր է, քան միջազգային կարգուկանոնը, ապա կարող եմ ասել, որ Արևմուտքը փոքրացել է, կամ՝ առնվազն թուլացել», - պնդել է Դաշնային Հանրապետության արտգործնախարարը:

Դիվանագիտական բառապաշարից տարբերվող, բավական կոշտ այս հայտարարությունը հնչում է Թրամփի առաջին արտասահմանյան այցից հետո, որի ընթացքում Միացյալ Նահանգների առաջնորդը եղավ Սաուդիան Արաբիայում, Իսրայելում, մասնակցեց ՆԱՏՕ-ի ու Մեծ յոթնյակի գագաթնաժողովներին:

Աշխարհի յոթ հզորագույն երկրների այդ հավաքին Դոնալդ Թրամփը հրաժարվեց միանալ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու վերաբերյալ փարիզյան համաձայնագրին՝ խոստանալով իր դիրքորոշումը հայտնել հաջորդ շաբաթ։

«Յուրաքանչյուր ոք, ով նպաստում է կլիմայի փոփոխությանը՝ նվազեցնելով բնապահպանական ջանքերը, ով ավելի շատ զենք-զինամթերք է վաճառում հակամարտող կողմերին և չի ուզում քաղաքական ճանապարհով կարգավորել կրոնական խնդիրները, Եվրոպան դնում է վտանգի տակ», - երեկ արձագանքել է Գերմանիայի արտգործնախարարը:

Օրեր առաջ Սաուդիան Արաբիայում Դոնալդ Թրամփը 110 միլիարդ դոլարի զենք-զինամթերք մատակարարելու համաձայնություն էր կնքել։ Նահանգների պատմության մեջ զենքի վաճառքի ամենամեծ այս գործարքով առաջիկա 10 տարիներին Ամերիկան Սաուդյան Արաբիային նավեր, տանկեր ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր կմատակարարի:

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է պայքարենք հանուն բնապահպանության, հանուն ապառազմականացման և ընդդեմ կրոնական ֆանատիզմի, հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում իրավիճակն է՛լ ավելի կսրվի», - զգուշացրել է Գերմանիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել էր, թե Եվրոպան այլևս չպետք է հույսեր կապի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ ինքնուրույն տնօրինելով իր ճակատագիրը:

«Մենք սերտ գործընկերներ ենք և կմնանք այդպիսին: Գերմանիան, անշուշտ, Միացյալ Նահանգների մերձավոր գործընկերն է, և մենք շարունակում ենք հավատալ Եվրատլանտյան դաշինքին, սակայն մենք նաև գիտենք, որ մենք՝ եվրոպացիներս, պարտավոր ենք մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնել, և կանենք դա միասին՝ հանուն Եվրոպայի, հանուն մեր արժեքների ու շահերի», - ասել էր Մերկելը։

Գերմանիայի կանցլերի այս կոշտ հայտարարությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Վաշինգտոնի հասցեին անսովոր ու խորթ էին շատերի համար: Լրատվամիջոցները փաստում են, որ կանցլերն աչքի էր ընկնում ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի հետ իր ջերմ հարաբերություններով, ում հանդիպել էր Թրամփի հետ բանակցություններից ժամեր առաջ Բեռլինում՝ Բողոքական ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված համաժողովում:

Մյուս կողմից, փորձագետներից շատերը նկատում են, որ կանցլերն այս հայտարարություններն անում էր քարոզարշավի ընթացքում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ովքեր ուզում են ավելի կոշտ և ուժեղ տեսնել իրենց առաջնորդին:

«Ինչ էլ հայտարարի Մերկելը, միևնույն է, նա շարունակելու է աշխատել ու համագործակցել Թրամփի հետ, քանի որ հստակ գիտակցում է՝ Եվրոպայում ու միջազգային ասպարեզում որևէ բանի չի կարելի հասնել առանց Միացյալ Նահանգների», - Ֆեյսբուքում գրել է Մադրիդի միջազգային հարաբերությունների գծով համալսարանի ավագ գիտաշխատող Ուլրիխ Սպեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG