Մատչելիության հղումներ

Եվրոպան այլևս չպետք է հույսեր կապի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ․ Մերկել


Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե Եվրոպան այլևս չպետք է հույսեր կապի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ ու պետք է ինքնուրույնաբար տնօրինի իր ճակատագիրը: Այս հայտարարությունը նա հնչեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի, ապա և՝ Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովներից հետո ունեցած բանակցություններից հետո:

Մերկելն այժմ պատրաստվում է Գերմանիայի կանցլերի աթոռի համար մղվող պայքարին՝ այդ պաշտոնին հավակնելով արդեն չորրորդ անգամ: Անցած կիրակի՝ մայիսի 28-ին Մյունխենում կայացած նախընտրական արշավի ժամանակ, գարեջուր խմելով իր աջակիցների հետ ու ելույթ ունենալով մոտ երկու հազարանոց լսարանի առջև, Մերկելը հայտարարել է՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից ու Մեծ Բրիտանայում «Brexit»-ի քվեարկությունից հետո Եվրոպան այլևս չի կարող զգալիորեն կախված լինել Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից:

Նրա խոսքով, նշված երկու դաշնակիցների հետ բարեկամական հարաբերություններ պահպանելը թեև կարևոր է, բայց արդեն պետք չէ ամբողջովին հույսը դնել նրանց վրա: «Ուրիշներից ամբողջությամբ կախված լինելու ժամանակը սպառվում է: Ես դրանում համոզվեցի վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք՝ եվրոպացիներս իսկապես պետք է մեր ճակատագիրն ինքներս տնօրինենք»,- Մերկելի այս հայտարարությունը արժանացել է ներկաների երկարատև ծափահարություններին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին շրջագայության և ունեցած բանակցությունների մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում, ներկայացնելով կանցլեր Մերկելի գնահատականներից ամբողջությամբ տարբերվող տպավորություններ: «Հենց նոր վերադարձա Եվրոպայից: Այս ուղևորությունը մեծ հաջողություն էր Ամերիկայի համար: Ծանր աշխատանք, բայց մեծ արդյունքներ»,- մայիսի 28-ին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:

Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանի տրանսատլանտյան հարաբերությունների փորձագետ Ստեֆան Բիրլինգը «Վաշինգտոն Փոստ»-ին ասել է, թե «ընդհանուր արժեքների հավատը փշրվել է Թրամփի վարչակազմի կողմից»: Փորձագետի խոսքով՝ Եվրոպայում լիահույս էին, թե Թրամփի պաշտոնակալությունից հետո նա ավելի չափավոր կդառնա ու հաշվի կնստի Մեծ յոթնյակի ու ՆԱՏՕ-ի հետ: «Բայց տեղի ունեցավ հակառակը, այնպիսի տպավորություն է, որ նա դեռ փորձում է հաղթանակ տանել ընտրարշավում»,- ասել է Ստեֆան Բիրլինգը:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը, ով սեպտեմբերին կայանելիք ընտրություններում համարվում է Մերկելի հիմնական մրցակիցը, եվրատլանտյան հարաբերությունների հարցում պաշտպանել է Մերկելի դիրքորոշումը: ARD հեռուստաընկերությանը նա ասել է՝ ի պատախան Թրամփի քայլերի, եվրոպական երկրները պետք է ավելի սերտացնեն իրենց հարաբերությունները: Շուլցը նշել է, թե «Թրամփն ավտորիտար առաջնորդի է նմանվում, ով ցանկանում է նսեմացնել մյուսներին»:

Բրյուսելում օրերս կայացած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների առաջնորդն ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ փոխհամաձայնության չեկան մի շարք հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG