Մատչելիության հղումներ

Հայաստանը և Կիպրոսն ակտիվացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպել է կիպրոսցի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։

Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։

Ֆոկաիդեսը նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դերակատարություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։

Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի բարձրագույն իշխանության, մասնավորապես՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Նույն օրը Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանը համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։

Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG