Մատչելիության հղումներ

Պուտինն ու Մակրոնը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են սիրիական ճգնաժամը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկուևկես ժամ տևած բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կցանկանար Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցել կոալիցիայից դուրս:

Մակրոնի կարծիքով, անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Սիրիայում:

Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը մեկնարկել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպմամբ, որի նախընտրական շտաբը քարոզարշավի ժամանակ Կրեմլին մեղադրում էր ընտրություններին միջամտելու փորձեր ձեռնարկելու մեջ։

Շարունակելով սիրիական հակամարտության թեման՝ նախագահ Պուտինը իր հերթին շեշտել է, որ համագործակցության գլխավոր խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է․ - «Մոսկվան ու Փարիզը լի են վճռականությամբ սիրիական խնդրին համատեղ լուծում գտնելու հարցում»:

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման առիթը Վերսալում ռուս կայսր Պետրոս Մեծի Ֆրանսիա կատարած առաջին այցի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումն է:

Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնած Մակրոնը Վլադիմիր Պուտինին ընդունել է Վերսալի պալատում, ինչը, ըստ ֆրանսիական մամուլի, հազվադեպ երևույթ է: Տեղական լրատվամիջոցները հիշեցնում են, որ նախկին նախագահներից Ֆրանսուա Օլանդը ընդամենը երկու ընդունելություն է կազմակերպել Վերսալի թագավորական պալատում, իսկ Նիկոլա Սարկոզին՝ միայն մեկ, երբ 2007 թվականին հյուրընկալել էր Լիբիայի բռնապետ Քադաֆիին:

Վերլուծաբանները ենթադրում են, որ Պետրոս Առաջինին նվիրված ցուցահանդեսը Մակրոնի համար Պուտինի հետ հանդիպելու ամենահարման առիթն էր: «Երկխոսություն և պահանջ»․ այսպես էր Ֆրանսիայի նախագահը վերնագրել Թվիթերում տեղադրած կարճ տեսանյութը Պուտինի հետ հանդիպման մասին:

Հանդիպումից առաջ Մակրոնը հայտարարել էր, թե չի հավատում «հրապարակային մեղադրանքների դիվանագիտությանը», բայց և չի պատրաստվում զիջել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցին, Ֆրանսիայի նախագահն ասել էր, թե դրանք վերացնելու հարցը պայմանավորված է նրանով, թե ինչպես կկատարի Մոսկվան մինսկյան համաձայնագրերը:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ առանց Մոսկվայի հետ համագործակցելու հնարավոր չէ կարգավորել մի շարք խնդիրներ՝ ներառյալ Սիրիայի ճգնաժամը:

XS
SM
MD
LG