Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պնդում են՝ Վրաստանից ներկրվող կարտոֆիլը հայկական է


Պարկերով կարտոֆիլ, արխիվ

Ադրբեջանում պնդում են, որ Վրաստանից ներմուծվող կարտոֆիլը հայկական ծագում ունի: Այս մասին ադրբեջանական Meydan TV անկախ լրատվական կայքի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահիդ Մեգերամովը:

«Հայաստանից ոչ միայն կարտոֆիլ է ներկրվում, այլ նաև մանր եղջերավոր անասուն, ոչխար և նույնիսկ ծիրան: Սակայն ըստ փաստաթղթերի այդ ամենը ներկայացվում է որպես վրացական ապրանք», - տնտեսագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Ադրբեջանցի տնտեսագետի համոզմամբ՝ Վրաստանը բավարար չափով կարտոֆիլ չի աճեցնում, որը հնարավոր լինի նաև արտահանել: Վրաստանից Ադրբեջան արտահանվող կարտոֆիլը հիմնականում հայկական ծագման է, համոզմունք է հայտնել Վահիդ Մեգերամովը և նշել, որ 2017-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը 60 հազար տոննա կարտոֆիլ է ներկրել, մեծ մասը՝ հարևան Վրաստանից:

Մեգերամովի խոսքով` միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անասնապահական տնտեսությունից այս տարի Վրաստան է ուղարկվել 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց մի մասն էլ վրացական պիտակով Ադրբեջան է հասել:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները առայժմ չեն մեկնաբանում երկիր ներմուծվող հայաստանյան ծագման արտադրանքի մասին պնդումները: Հայաստանի հետ պաշտոնական տվյալներով ապրանքաշրջանառություն չունեցող Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հաղորդում են միայն, որ Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից առգրավվել է Վրաստանի տարածքով երկիր ներմուծված հայկական արտադրության ապրանք և անմիջապես էլ ոչնչացվել:

Վերջին միջադեպը անցյալ ամիս էր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, որ հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի սահմանապահները առգրավել են հայկական արտադրության ապրանքների խմբաքանակ՝ այդ թվում 17 միավոր սպիրտային ըմպելիք, ինչպես նաև գյուղատնտեսական արդյունաբերական ապրանքներ:

Հիշեցնենք, վերջերս Հայաստանում հանրային մեծ հնչեղություն ստացավ ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրման փաստը, քրեական գործ հարուցվեց, որով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում՝ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների, կան կալանավորվածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG