Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ պետ․ «Ենթադրվում է, որ ադրբեջանական խնձորը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով»


ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյան, Երևան, 27-ը ապրիլի, 2017 թ․

ՊԵԿ-ը և ԱԱԾ-ն հինգերորդ օրն է՝ չեն պարզաբանում, թե ինչպես է ադրբեջանական խնձորը հայտնվել Հայաստանում:

Արդեն հինգերորդ օրն է Հայաստանի պատկան մարմինները չեն կարողանում հանրությանը պարզաբանում ներկայացնել հարցի շուրջ, թե Երևանում ու մարզերում զանգվածաբար վաճառքի հանված ադրբեջանական խնձորն ինչպես է հայտնվել Հայաստանում և արդյո՞ք այն անվտանգ է:

Այս ամենի ֆոնին ոլորտը ներկայացնող պետական պաշտոնյան այսօր հայտարարեց հնարավոր մաքսանենգության մասին: Սահմանին և վաճառակետերում սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյան այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոստովանեց՝

«Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենք ճանապարհով, եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում առկա չի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբաքանակի ներկրման որևէ դեպք իր բազայում չունի»,- ասաց Իշխան Կարապետյանը:

Մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու պետական մարմնի ղեկավարից՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանից այսօր պարզաբանում ստանալ չհաջողվեց: ՊԵԿ-ի նախագահը, որն ինչպես և Իշխան Կարապետյանը, կառավարությունում հայտնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, այսօր առավոտյան աշխատանքի վայր, իսկ կեսօրին մոտ՝ կառավարություն այցելեց թանկարժեք՝ միջինը 130 հազար դոլար արժողությամբ Range Rover մակնիշի ավտոմեքենայով և թիկնապահների մի ողջ դասակով: Անմիջապես մուտք գործելով շենքի ներքին բակ՝ նա լրագրողների համար անհասնելի դարձավ:

Երեկ ՊԵԿ-ը հայտարարել էր՝ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, և կոմիտեն նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:

Թե Իշխան Կարապետյանն ի՞նչ հիմքով ենթադրեց, որ ադրբեջանական խնձորը կարող էր մաքսանենգ ճանապարհով հայտնվել Հայաստանում, վերջինս չպարզաբանեց, չկարողացավ հստակեցնել նաև հարցը, թե վաճառողները որտեղի՞ց, ումի՞ց են գնել այդ խնձորը: Փոխարենն ասաց, որ վիճահարույց խնձորի անվտանգ լինելու հարցը կպարզվի միայն գալիք երկուշաբթի, երեքշաբթի:

«Գնել են գյուղմթերքների վաճառքի շուկայից․․․․ տարբեր տեսակի տեղեկություններ են տալիս: Քանի որ ներկայումս ուսումնասիրություն է իրականացվում, ես չեմ կարող ասել․․․մեր կողմից տրամադրվող տեղեկատվություն չի, քանի որ մենք իրականացնում ենք համատեղ գործողություն ՊԵԿ-ի հետ․․․ ես նշեցի, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մինչև 50 կիլոգրամ ներկրել և ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե ինչպես է ներկրվել էդ խնձորը»,- ասաց Իշխան Կարապետյանը:

Նա չգիտեր նաև՝ արդյո՞ք հայաստանյան վաճառակետերում շարունակվում է ադրբեջանական խնձորի իրացումը․ «Մենք դրա համար էլ նշում ենք, որ մենք կատարում ենք շրջայցեր և խնդրում ենք բոլոր սպառողներին, ովքեր կհայտնաբերեն նման ապրանք, զանգահարեն ծառայության թեժ գծին»,- շարունակեց պաշտոնյան:

Չիմանալով հարցի պատասխանը՝ արդյո՞ք ադրբեջանական խնձորը շարունակում է վաճառվել, նաև դեռևս տեղեկություն չունենալով այդ խնձորի անվտանգ լինելու մասին, Իշխան Կարապետյանն, այդուհանդերձ, բնակչությանը հանգստության կոչ արեց: «Ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա»,- հավաստիացրեց ՍԱՊԾ պետը:

Ադրբեջանական «DAD» ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ մրգի մեծածախ մատակարարմամբ զբաղվող ընկերության այգիները գտնվում են Ադրբեջանի Քուբա քաղաքում և Դելլեքլի գյուղում, որոնք հայտնի են իրենց խնձորով: Հենց այդ ընկերության պիտակներով խնձորներն են հայտնվել Հայաստանում: Օրեր շարունակ լուռ է նաև Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմում գտնվող սահմանապահ զորքերն, ի դեպ, երեկ նշեցին իրենց մասնագիտական տոնը` Սահմանապահի օրը:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, դատելով տարբեր մարզերում հայտնված խմբաքանակների ծավալներից՝ Հայաստան է ներկրվել ահռելի քանակությամբ ադրբեջանական խնձոր: «Խնդիրն այն է, որ մեր սահմանի վրա հիմա անվերահսկելի իրավիճակ է, դա ցույց է տալիս հենց այդ խմբաքանակի ներկրումը: Էն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով խնձորը չի մտել Հայաստան, բայց ֆիզիկապես այդ խնձորն արդեն Հայաստանում է, նշանակում է, որ դա չէր բացահայտվի, եթե այն չլիներ ադրբեջանական:

Սրանից ուղղակի հետևություն կարող ենք անել, որ սահմանի վրա իրավիճակն, ըստ էության, չի վերահսկվում, և ցանկացած գործարար իր ուզած ապրանքը կարող է առանց մաքսազերծելու մտցնել Հայաստան: Տարբեր սխեմաներով, մաքսային ծառայության հետ իր հարցերը լուծելով, ՍԱՊԾ-ի հետ հարցերը լուծելով, կարող է ցանկացած մթերք ներմուծել Հայաստան: Ամնեաանհանգստացնողն այն է, որ եթե դուք, որպես գործարար, փորձեք ազնվորեն որևէ ապրանք ներկրել Հայաստան, ապա մաքսային ծառայությունը մինչև վերջին շապիկը ձեր հագից կհանի, շուկայական գներից շատ բարձր հսկիչ գներով կմաքսազերծի, իսկ ոմանք կարող են ապրանքը մտցնել Հայաստան առանց մաքսազերծելու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG