Այսօր տեղի կունենա «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխությունը:
Մարդասիրական մրցանակին հավակնում են Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, Սոմալիից Ֆարթուն Ադանը և դուստրը՝ Իլվադ Էլմանը, ովքեր օգնում են սեռական բռնության ենթարկված կանանց, ինչպես նաև մանկահասակ զինվորներին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին և Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից կստանա 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին: