Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ և լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` Քննչական կոմիտեն տեղեկացնում է․ - «Նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է»:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում է կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
«Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Լոռու Գուգարք գյուղում, ինչպես Ոստիկանությանն էին հաղորդել՝ «Ճաճոյի Էդոյի տանը»: Քրեական գործը սկզբնապես հարուցվել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք և զինամթերք) 1-ին մասերի հատկանիշներով: