Մատչելիության հղումներ

Սպանություն Լոռու Գուգարք գյուղում. ձերբակալվել է տուժողի կինը


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարզի բնակչի սպանության դեպքի հանգամանքները, որի համար կասկածվում է նրա կինը:

«Մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք և զինամթերք) 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, վերցվել համապատասխան փորձանմուշներ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը, իր հերթին, փոխանցում է․ - «Շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի Էդոյի տանը, դիակ կա»: Մեկնած օպերատիվ խումբը Գուգարքի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերել է նշված տան բնակչի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Սպանվածի կինը դեպքի վայրում հայտարարել է, որ «նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել», ասված է Հայաստանի ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG