Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը ստանձնեց Եգիպտոսում հարձակման պատասխանատվությունը


Եգիպտոսում հարձակման ենթարկված ավտոբուսը, 26-ը մայիսի, 2017թ․
Եգիպտոսում հարձակման ենթարկված ավտոբուսը, 26-ը մայիսի, 2017թ․

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը այսօր ստանձնել է Եգիպտոսում քրիստոնյաների ավտոբուսի վրա մայիսի 26-ի հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

«Իսլամական պետության» անվտանգության ջոկատներից մեկը երեկ հարձակում իրականացրեց Մինյայում՝ թիրախավորելով ղպտիների տեղափոխող մի ավտոբուս և խլելով նրանցից 32-ի կյանքը», - արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդել է ահաբեկչական խմբավորմանը մոտ կանգնած Amaq գործակալությունը:

Եգիպտոսի իշխանությունները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաները ուղևորվում էին մայրաքաղաք Կահիրեից մոտ 200 կիլոմետր հարավ գտնվող վանք: Իր հաղորդագրությունում Եգիպտոսի կառավարությունը նշում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 29 մարդ, հոսպիտալացված է մնում 13 վիրավոր:

Հարձակումից ժամեր անց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է եգիպտական օդուժի կողմից Լիբիայում գրոհայինների ճամբարներին հարվածներ հասցնելու մասին, որոնցում վարժանքներ են անցնում ահաբեկիչները: Հաղորդվում է, որ ոչնչացվել են դրանցից մի քանիսը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին: «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և իր զորակցությունն է հայտնում բարեկամ Եգիպտոսին միջազգային այդ արհավիրքն արմատախիլ անելուն ուղղված պայքարում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկտվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է հեռագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG