Մատչելիության հղումներ

Շիրակի 49 գյուղերի բնակիչները չեն վճարում սերմացուի դիմաց կուտակած պարտքը


Շիրակի մարզի գյուղերից մեկում, արխիվ
Շիրակի մարզի գյուղերից մեկում, արխիվ

Շիրակի մարզի 49 գյուղական համայնքի բնակիչները չեն շտապում մարել երեք տարվա ընթացքում կուտակած՝ ցորենի ու գարու սերմացուի դիմաց ընդհանուր առմամբ 100 միլիոն դրամի պարտքը: Համայնքապետերն ասում են՝ գյուղացիները պարզապես ի վիճակի չեն։

Շիրակի մարզպետարանն արդեն դատի է տվել երեք համայնքի, և եթե առաջիկայում պարտքերի մարման հարցում տեղաշարժ չգրանցվի, ապա մյուս 46 գյուղերի գործերը ևս ներկայացվելու են դատարան:

Օրերս մարզպետարանում կայացած հանդիպմանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը «կարգազանց» համայնքապետերին զգուշացրեց, որ դատական ճանապարհով հարցի լուծման դեպքում ավելանալու է գյուղացիներից բռնագանձվելիք գումարը:

«Միևնույն է՝ էս գումարները հավաքագրվելու են: Ցավը գիտե՞ք որն է՝ 24 հազար, Բենյամինի գյուղապետն էստեղ է, 24 հազար պարտք ունեցողին չկարողացավ, որ էդ 24 հազարը վճարի, մենք ստիպված տվել ենք դատարան, դատական կարգով, հիմա տեսեք, էդ ծախսերին կգումարվի դատական ծախսերը, արդյունքում 24 հազար տալու տեղը կարող է 45 հազար փող տա էդ մարդը՝ ընչի՞: Ուզում եմ, որ դուք ձեր բնակչին բացատրեք՝ իրականում շատ տեղերում 24 հազար, 50 հազար, 30 հազար, էդ գումարները դատական կարգով հավաքագրելու դեպքում կրկնակի է դառնում, դատական ծախսերը դրա վրա գալիս է՝ բավական լուրջ խնդիր է առաջացնում: Բացատրե՛ք ձեր բնակչությանը», - հայտարարեց մարզպետը:

Մարզի համայնքները նաև պարարտանյութի դիմաց են պարտք: Պարզվում է՝ պարտքերը չհավաքագրելու պատճառները պարզելու են իրավապահները:

«Ես հիմա չեմ ուզում անուններն ասեմ համայնքների, բայց շատ կարճ ժամանակ, որովհետև նաև էս հարցով զբաղվում են իրավապահ մարմինները՝ ինչի՞ մինչև էսօր չի տրվել: Որովհետև որոշ տեղեր խոսում են, որ էդ փողը կա՝ չի վճարվել, չգիտեմ: Ես հորդորում եմ ձեզ՝ էս խնդիրը փակե'ք՝ հետագայում ավելի մեծ բարդությունների մեջ չընկնելու համար», - ասաց Սիմոնյանը:

Պարտք ունեցող գյուղերի շարքում առաջատարը Հայկաձորն է՝ 18 միլիոն դրամով: Համայնքի ղեկավար Սեյրան Սմբատյանն ասում է՝ գյուղացիներն ի վիճակի չեն վճարումներ կատարելու, քանի որ մի քանի տարի անընդմեջ լավ բերք չեն կարողացել ստանալ․ - «Գյուղացիները ի վիճակի չեն մուծելու՝ դրանից կուտակվել են պարտքեր: Բերք չեն ստացել մարդիկ, մի քանի տարի՝ վերցրել են ցորենը, բերք չեն ստացել․ պատճառաբանությունները առայժմս էդ են, ուրիշ բան չեմ կրնա ըսեմ»:

Համայնքի ղեկավարը հույս է ունեցել, որ որպես սահմանամերձ համայնք, հնարավոր է՝ կառավարությունը զիջումներ անի: Դատական ճանապարհով հարցի լուծման կողմնակից չէ: «Ցանկալի չէ, քանի որ իրավիճակը շատ ծանր է գյուղացու՝ այսօրվա դրությամբ, փորձում ենք ճանապարհ գտնել: Բայց, միևնույն է, եթե վերցրել են, պիտի վճարեն՝ իմ կարծիքն է էդ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատյանը՝ համոզմունք հայտնելով, որ խնդրի՝ դատական կարգով լուծվելու դեպքում «ավելի վատ դրության մեջ կդնենք գյուղացիներին, ուղղակի էդ արդեն մենք ի վիճակի չենք համայնքով, համայնքի բյուջեով էդ հարցը կարգավորելու»: «Սահմանամերձ գյուղ է, մենք մտածում էինք՝ պետության աջակցությունը, բայց, ամեն դեպքում, էդ որոշողը ավելի բարձր մարմիններն են», - նշեց Հայկաձորի գյուղապետը:

Ի դեպ, Հայկաձորը այս տարի նոյեմբերին խոշորացվող համայնքների շարքում է: Գյուղապետն ասում է՝ հայկաձորցիները դեմ են այլ համայնքների հետ միավորմանը: «Անձամբ եթե իմ կարծիքը՝ ես կողմնակից չեմ, քանի որ մենք նախկինում՝ սովետական ժամանակաշրջանում, Անիի շրջանն է եղել, ու ես մեծերից իմացել եմ, որ շատ վատ է էդ, քանի որ Մարալիկը մեր շրջկենտրոն լինելով՝ ցածի տարածաշրջանին շատ քիչ ուշադրություն են դարձրել միշտ: Բայց, ամեն դեպքում, էդ մեր որոշելի հարցը չէ: Ես իմ կարծիքը և՛ գրավոր, և՛ մեր ժողովների ժամանակ էլ եմ արտահայտել, որ ես դեմ եմ», - հայտարարեց Սմբատյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան հավելելով․ - «Գյուղացիների մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը դեմ են»:

Այս տարի նախատեսված խոշորացմանը դեմ մարզի մի շարք համայնքներ արդեն նամակով դիմել են երկրի ղեկավարին՝ խնդրելով կասեցնել գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG