Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր բացառիկ առաքելությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձը «նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով Երևանում անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստին:

«Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր և նպատակային գործունեության շնորհիվ հիմնադրամը շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը: Հիմնադրամի 25 տեղական մարմինները գործում են աշխարհի 22 երկրներում: Ուշագրավ է հիմնադրամի ապաքաղաքական բնույթը, որը թույլ է տալիս մեկտեղել և միահյուսել մեր բոլորի գաղափարները, հնարավորությունները և միջոցները՝ համախմբելով և հզորացնելով Հայաստանը, Արցախը և սփյուռքը: Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով», - ասել է նախագահը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը։

«Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում», - ասել է Սերժ Սարգսյանը իր բացման խոսքում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2016 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2016-ի գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:

Նիստում քննարկված հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ «Մարաթոն-2017»-ը նպատակաուղղված է լինելու Լեռնային Ղարաբաղում հիմնականում երկու ծրագրերի իրականացմանը՝ խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի ծրագրերի իրականացման ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG