Մատչելիության հղումներ

ԱԺ խորհուրդն ավելացրեց հանձնաժողովների փորձագետներին, կրճատեց ԱԺ նախագահի խորհրդականներին ու օգնականներին


ԱԺ նախագահն ու փոխնախագահները, արխիվ
ԱԺ նախագահն ու փոխնախագահները, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստի սկզբում խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետև քննարկվել է «ՀՀ Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:

ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը և վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում:

«Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»:

«Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում:

ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է ՀՀ ԱԺ խորհրդի անդամների կողմից», - ասված է ԱԺ հաղորդագրությունում:

Ազգային ժողովի խորհուրդը նոր ձևավորված մարմին է, կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:

Որոշումները խորհրդում կայացվելու են քվեարկությունների միջոցով: Իշխող Հանրապետականն այստեղ ևս մեծամասնություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG