Մատչելիության հղումներ

Երգեր, շնորհավորանքներ, նաև հատուկ այս օրվա համար պատրաստած տեսանյութեր։ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի շրջանավարտներն արդեն երրորդ տարին «Վերջին դասի» տոնական միջոցառումը նշում են Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում, այս անգամ էլ հատուկ հյուր ունեն՝ Առաջին տիկինն է եկել։

Աշակերտներն ասացին, թե միջոցառման վայրը դպրոցի տնօրինությունն է ընտրել, և չցանկացան խոսել վարձակալության համար վճարված գումարի մաին:

Փոխարենը տեսախցիկի առջև առանց կաշկանդվելու պատմեցին հետագա նպատակների մասին՝ շատերն իրենց ապագան պատկերացնում էին Հայաստանից դուրս։

«Նպատակ ունեմ գնալ արտերկիր», - ասաց շրջանավարջներից մեկը:

«Սկզբից ստեղ, հետո կշարունակեմ արտերկրում: Հետագայում կարող ա էլի վերադառնամ ստեղ», - հավալեց նրա արդեն նախկին դասընկերուհին: - «Գիտեմ, որ դպրոցին հետո շատերը մեկնելու են արտասահման, հնարավոր ա, էլ չտեսնվենք»:

Կային նաև այսպիսի պատասխաններ․ - «Դառնալ երկրիս համար պիտանի մարդ, լավ մասնագետ ու մնալ էս երկրում»: «Իմ կարծիքով, ինչքան վատ լինի պայմանները Հայաստանում, պետք է մարդ մնա իր երկրում»:

Վիճակագրությունը վկայում է, որ վերջին տարիներին պակասել է շրջանավարտների թիվը։ 2015-ին ունեցել ենք 25 հազար 12-րդ դասարանցի, 2016-ին շուրջ՝ 30 հազար, իսկ այս տարի դպրոցին հրաժեշտ տվեց մոտ 20 հազար շրջանավարտ։

Այս ու նախորդ տարվա կտրուկ տարբերությունը նախարարությունում բացատրում են նրանով, որ 10 տարի առաջ ընդունելություն կատարվել է 2 տարիքային խմբում։

Ազգային վիճակագրական ծառայության (ՀՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը շրջանավարտների թվի նվազումը պայմանավորում է եւ ծնելիության անկմամբ եւ արտագաղթով․ - «Բնակչության թվաքանակը նվազում է: Բնականաբար փոփոխություններ են տեղի ունենում նաև տարիքային խմբերում: 2014 թվականին 17 տարեկանները Հայաստանում 40 հազար 334 են եղել, 2015 թվականի տարեսկզբի դրությամբ՝ շուրջ 37 հազար 906, 2016 թվականին՝ 34 հազար 968: Այսինքն արդեն տարիքային ցուցանիշները ասում են նվազման մասին: Բնականաբար դրանով պայմանավորված էլ շրջանավարտներն էլ պիտի նվազեն»:

Կրթության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը թիվ 54 դպրոցի շրջանավարտներին կոչ արեց ապրել ու աշխատել հայրենիքում, քանի որ դրանից է կախված երկրի ապագան։

Մկրտչյանն անդրադարձավ նաև դպրոցներում դրամահավաքի մասին լուրերին։

Երեկ «Ազատության» հետ զրույցում կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգողները նշում էին, որ կախված դպրոցից ու շրջանավարտների ծնողների հնարավություններից, հավաքվող գումարի չափը տատանվում է 25-100 հազարի սահմաններում:

Մկրտչյանը վստահեցրեց, որ ստուգվում են թեժ գծին ստացված բոլոր զանգերը, բայց ոչ մեկը չի փաստվում․ - «Փաստվում է, որ հավաքված է, որ միջոցառումը նշեն, բայց երկրորդ մասը՝ նվերի և այլն, այդ խնդիրները, որոնք ավելի մտահոգիչ են, դա չի փաստվում, ծնողները դրա մասին ասում են, բայց չեն հաստատում»:

Մկրտչյանն իր դպրոցական հուշերից պատմեց՝ լավ է սովորել, կաղել է միայն բնագիտական առարկաներից։ Ունեցել է նաեւ սոցիալապես ոչ ապահով ընտանիքներից դասընկերներ։ Սեփական փորձը հաշվի առնելով՝ նախարարի պաշտոնակատարն ասում է, որ պետք է այնպես անել, որ վերջին զանգի միջոցառումների համար հավաքվող գումարներից հոգեպես չընկճվեն այն երեխաները, որոնց ծնողներն ի վիճակի չեն վճարելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG