Մատչելիության հղումներ

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կմեկնարկի լռության րոպեով


ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ «Մանչեստր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպման հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա առավել զուսպ և սեղմ սցենարով:

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ «Մանչեստր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպման հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա առավել զուսպ և սեղմ սցենարով: Ֆուտբոլիստները, տասնյակ հազարավոր երկրպագուներ հարգանքի տուրք են մատուցելու Մանչեստրում մայիսի 22-ին ահաբեկչության զոհ դարձած 22 անմեղ մարդկանց հիշատակին:

«Այսօրվա խաղը պետք է դառնար ֆուտբոլի տոն...»

Ամբողջ աշխարհին է ցնցել այդ հրեշավոր ահաբեկչությունը: Բրիտանացիներին համակած ցավի, զայրույթի և ընկճվածության այս ճնշող մթնոլորտում «Մանչեստր Յունայթեդը» Ստոկհոլմում պետք է պայքար մղի ՈւեՖԱ-ի երկրորդ ամենաարժեքավոր գավաթի համար:

Ինչպես «Մանչեստր Իվնինգ Նյուզ» պարբերականն է հաղորդում, ամբողջ երկիրն այսօր մանկունիանցիներին է սատարում: Թիմի նախնական կազմն արդեն հրապարակվել է, և հայտնի է, որ Հայաստանի հավաքականի առաջնորդ Հենրիխ Մխիթարյանն էլ է ընդգրկված:

Մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի մասնակցել խաղից առաջ անցկացվող ավանդական մամլո ասուլիսին: ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ասուլիսի չեղարկումն այս հանգամանքներում միանգամայն ըմբռնելի որոշում է:

«Այաքսի» մարզիչ Պիտեր Բոսսն իր թիմի և հոլանդացի երկրպագուների անունից ցավակցություն է հայտնել Մանչեստրում ահաբեկչության զոհերի ընտանիքներին և բարեկամներին:

«Մեր ադ խաղը պետք է դառնար ֆուտբոլի տոն, բայց տեղի է ունեցել սարսափելին, մենք շատ ենք ցավում և մեր համերաշխությունն ենք հայտնում Մանչեստրին»,- ասել է Բոսսը:

Ստոկհոլմը պատրաստ է եզրափակիչին

Շվեդիայի մայրաքաղաքը պատրաստ է Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը․ Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության բաժնի ղեկավար Մարտին Ֆրեդմանն ասել է, որ Մանչեստրի ողբերգությունը չի ազդի խաղի անվտանգության պլանավորմանը:

«Որևէ բան չենք փոխելու կամ վերանայելու, որովհետև մենք ի սկզբանե պատրաստվել ենք երաշխավորել անվտանգության ամենաբարձր մակարդակ: Ոստիկանությունը հաշվի է առել բոլոր հնարավոր վտանգները: Ստոկհոլմում ապրիլի 7-ին տեղի էր ունեցել ահաբեկչություն, այդ օրերից էլ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Մանչեստրի հարձակումը մեր աշխատանքում որևէ բան չի փոխի»,- ասել է Ֆրեդմանը:

Այս հանդիպումը «Մանչեստր Յունայթեդի» համար չափազանց կարևոր է: Ակումբը շատ վատ էր սկսել 2016-17 թվականների մրցաշրջանը, ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Պրեմիեր լիգայում հաղթելու կամ նույնիսկ առաջին քառյակում տեղ գրավելու հույս չկա: Մոուրինյոն չի էլ թաքցնում, որ հիմա գլխավոր նպատակը Եվրոպայի լիգայի գավաթն է, հաղթանակի դեպքում թիմը կվաստակի առաջին խոշոր մրցանակն անցած վեց տարում:

«Մանչեստրը տոկունության խորհրդանիշ է»

«Մանչեստր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվարդզը հանդես է եկել թիմին և երկրպագուներին հասցեագրված հատուկ ուղերձով:

«Մանչեստրը տոկունության խորհրդանիշ է, մեր քաղաքը չի հանձնվում, մենք կապացուցենք, որ այդ քստմնելի հանցագործության հեղինակներն իրենց ուզածին չեն հասնի, մենք կապացուցենք, որ ունենք հրաշալի քաղաք»,- հայտարարել է թիմի փոխնախագահը:

«Հայերն իրենց շուրջ փոքրիկ Հայաստան են կերտում»

Այս խաղին անհամբերությամբ են սպասում նաև մեծ թվով հայ ֆուտբոլասերներ, ովքեր ժամանակին հետևել են Դորթմունդի «Բորուսիայի» հանդիպումներին, հիմա էլ հաջողություն են մաղթում մանկունիանցիներին՝ այն պարզ պատճառով, որ թիմի կազմում հանդես է գալիս մեր օրերի լավագույն հայ ֆուտբոլիստը:

«Հենրիխ Մխիթարյանն իր հետ Հայաստան է բերում» վերտառությամբ «Նյու Յորք Թայմսում» հրապարակվել է Ռորի Սմիթի ջերմ հոդվածը հայազգի աստղի մասին: Հեղինակը գրում է, որ Մխիթարյանն այս մրցաշրջանի ընթացքում թեժ պայքար է մղել թիմի կազմում իր տեղն ամրապնդելու համար և դարձել մի քանի հիանալի գոլի հեղինակ: Մրցաշրջանի գագաթնակետն այսօր երեկոյան է՝ Ստոկհոլմում:

Ժամանակին Մխիթարյանի ուշադրության կենտրոնում միայն ֆուտբոլն էր, նա մշտապես վերլուծել է իր անհաջող խաղերը, օրեր շարունակ հիշել սխալների մասին: Այսօր 28-ամյա մարզիկը գիտակցում է, որ այդ սևեռվածությունն անառողջ է, որ պետք է նաև երբեմն դադար տալ, լիցքաթափվել:

Հնարավորության դեպքում խաղընկերների՝ Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի հետ գնում է կինոթատրոն: Եվ մի բան էլ՝ հոգնածության ինչ աստիճան էլ լինի, նա YouTube-ով դիտում է Հայաստանի առաջնության խաղերը: Մասամբ, որովհետև շարունակում է երկրպագել իր առաջին ակումբին՝ «Փյունիկ»-ին, բայց նաև այն պատճառով, որ շատ է կապված Հայաստանի հետ:

«Հաղթանակը ոչ միայն մեդալ կբերի, այլև ուրիշներին կտա Հայաստանի մասին իմանալու հնարավորություն: Ուր էլ գնան հայերը, նրանք իրենց շուրջ փոքրիկ Հայաստան են կերտում»,- ասել է Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG