Մատչելիության հղումներ

«Ես ընդունեցի մրցանակը որպես Աստծուց եկած ուղերձ, որն ինձ ասում էր՝ մի վախեցիր»


Մարգարիտ Բարանկիցեն ստանում է «Ավրորա» մրցանակը, 24-ը ապրիլի, 2016թ․
Մարգարիտ Բարանկիցեն ստանում է «Ավրորա» մրցանակը, 24-ը ապրիլի, 2016թ․

«Ավրորա» մրցանակի անցած տարվա դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն և մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան այսօր հանդիպեցին Գյումրիում: Սրբոց Նահատակաց Կաթողիկե եկեղեցում նրանց պատվին եկեղեցական շարականներ հնչեցին:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների տրվող մեկ միլիոն դոլար մրցանակին այս տարի բացի Սուդանի Նուբա լեռներում աշխատող Թոմ Քաթինայից հավակնում են Սոմալիում մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով զբաղվող «Էլման» կենտրոնի հիմնադիրները, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը և Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված կանանց օգնություն ցուցաբերող բժիշկ Դենիս Մուկվեգեն:

Խոսելով մեկ տարի առաջ ստացած մրցանակի մասին՝ Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար որբերի փրկած Բարանկիցեն ասաց՝ այն ընդունել է որպես Աստծուց եկած մի ուղերձ․ - «Մրցանակը ես ընդունեցի որպես աստծուց եկած մի ուղերձ որն ինձ ասում էր մի վախեցիր: Նվիրաբերված գումարով ես կարողացա հույսը կորցրած երեխաներին նորից հույս տալ: Ինձ համար շատ կարևոր է, որ հայկական սփյուռքը, որը կարող էր այդ գումարը օգտագործել հայ ժողովրդի տարբեր խնդիրները լուծելու համար դիմեց այդպիսի մեծահոգի քայլի և օգնություն ցուցաբերեց: Ես դրա մեջ վեհություն եմ տեսնում և հատկապես դա եմ գնահատում»:

Այս կիրակի կայանալիք մրցանակաբաշխության հավակնորդ Թոմ Քաթինան էլ ասաց, որ եթե 2-րդ դափնեկիրը դառնա, ապա այդ գումարով կցանկանա քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված Նուբա լեռների հիվանդանոցը բժշկական սարքավորումներով հագեցնել: Ամերիկացի Քաթինան այդ հիվանդանոցի միակ վիրաբույժն է, և Հայաստանում գտնվելու ընթացքում նրան այնտեղ 3 հայ բժիշկներ են փոխարինում:

Ավրորայի առաջին մրցանակակիրն ու մրցանակի հավակնորդը հյուընկալվեցին նաև Գյումրիի առաջին որբանոցում՝ Թռչունյաց տանը, որտեղ 1915 թվականին ամերիկացի միսիոներները Եղեռնից փրկված հարյուրավոր որբերի են ընդունել: Հյուրերին ցուցադրվեց առաջին որբանոցի լուսանկարը, որտեղ հայ որբերը իրենց շնորհակալությունն էին հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

Մարգարետ Բարանկիցեն Թռչունյաց տան սաների հետ ծանոթությամբ սկսեց շփումը՝ մեկ առ մեկ հարցնելով երեխաների անունները: Երեխաներն անակնկալ էին պատրաստել հյուրերի համար՝ երգեցին, պարեցին:

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG