Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մադրիդում մասնակցել է «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցում էին շուրջ 60 միջազգային կազմակերպությունների և պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդը։

Համաժողովի պլենար նիստը բացվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթով, ով մասնավորապես ասել է․ - «Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արևելքի՝ համակեցության և հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլև անվտանգության կարևոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր և ահաբեկչական խմբավորումների կողմից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետևանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից»։

«Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արևելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլև կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման] ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանով», - հայտարարել է Նալբանդյանը:

«Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որևէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: <...> Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել և համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները: Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ «քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը»։

«Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո», - ասել է Նալբանդյանը:

«Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաև շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում», - նշել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը:

«Սահմանադրական և օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները և քրդերը, Սիրիայում և Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները», - հայտարարել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG