Մատչելիության հղումներ

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ


Ի
Ի

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն, ընտրությունը տեղի է ունեցել անցած շաբաթ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսի ժամանակ՝ Ավստրիայի Սանկտ Յոհանն Իմ Պոնգաու քաղաքում:

Կոնֆերանսին մասնակցել են Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: Եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի համար ընտրության անցկացումը օրակարգի առաջնային հարցերից մեկն էր: Ընտրված մյուս երկիրը Ավստրիան է:

«Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է: Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի:

Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG