Մատչելիության հղումներ

Հաշմանդամության չափորոշիչների փոփոխությունը դժգոհությունների պատճառ է դարձել


Գոհար Մանուկյանը երեք տարի շարունակ եղել է 2-րդ կարգի հաշմանդամ, բայց այս անգամ հանձնաժողովը նրան դասել է 3-րդ խմբի մեջ։ Բողոքել է, դիմել է վերանայման, բայց ստացել է մի պատասխան, որը հասկանալ ու ընդունել չի կարող։

«Ասումա՝ վերևիցա հրամանը: Ասումա՝ վարչապետի հրամանա», - «Ազատությանը» պատմեց նա: - «Ասի՝ խի, պարոն Կարապետյանը ասելա հիվանդների թոշակը կտրե՞ք», - բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում իր զրույցի մանարամսներն է փոխանցում Մանուկյանը:

Արարատի մարզի բնակչի խոսքով՝ բժշկական թղթերը, հիվանդանոցից տեղեկանքը, որ ամեն օր կանչ է գրանցում՝ չհամոզեցին հանձնաժողովին։

«Իմ աչքի առաջ մարդկանց զրկում էին 3-րդ խմբից, 2-րդին նվազեցնում 3-րդ, իսկ առաջին տալիս էին միայն նրանց, ովքեր ակնհայտ երկար կյանք չունեին», - պատմում Մանուկյանը։

Նման մի տեսարանի էլ ականատես եղել Վեդիից Ջեմմա Հակոբյանը։ 2010 թվականից տառապում է լինֆոմայով՝ ավշային հանգույցների չարորակ գոյացությամբ։ 2 տարի եղել է 3-րդ կարգի հաշմանդամ, բայց այս անգամ մասնագիտական խումբը որոշել է՝ նրան այլևս կարգ չի հասնում։

«Ոչ մի պատճառաբանություն չկար: Մենակ ասացին, որ վերևիցա՝ մեզ հրամայել են», - պատմեց նա:

Ասում է՝ բողոքարկել է որոշումն ու եկել Երևան՝ վերափորձաքննության: Վերափորձաքննության ժամանակ էլ պարզել է, որ հանձնաժողովի նախագահը նույն մարդն է, ինչ իրենց մոտ՝ Արարատում։

«Մինչև վերափորձաքննության հանձնաժողովը որոշում կկայացներ, մոտ 20 հիվանդ տարածքը լքեց առանց հաշմանդամության կարգի», - պատմում է տիկին Ջեմման։

Այս ալիքի տակ է ընկել նաև 2015-ի օգոստոսին՝ զինվորական ծառայության ընթացքում ականից ծանր վիրավորում ստանցած Նշան Բարսեղյանը։ Պատմեց, որ ողնաշարում դեռ ականի բեկոր կա, որը վիրահատությամբ հեռացնելու ռիսկին բժիշկները չեն դիմում։ Երիտասարդը ինքնուրույն քայլել, անգամ ջուր խմել չի կարողանում։ Սրան գումարած՝ հոգեկան խնդիրներ ունի, բայց օրերս զինվորական հաշմանդամության թոշակը փոխարինվեց քաղաքացիականով։

«Գնացի Երևան կոմիսիա անցնելու: Բժիշկը հարցեր տվեց, ոտքերս չափեցին, նայեցին, գրեցին․․․ վերջում եկավ բժիշկը՝ ձեռներով ցույց տվեց, թե՝ բա մի բան չունե՞ս ասելու: Ասի չէ՝ չունեմ», - պատմում է Բարսեղյանը:

Սոցապի ուղարկած նամակը կարդալուց հետո նա ինքնասպանության փորձ է արել՝ 30 հոգեմետ դեղեր խմելու միջոցով։

Ի՞նչն է պատճառը որ համատարած կերպով Հայաստանում սկսել են վերանայել հաշմանդամության խմբերը՝ հարցն ուղղում ենք բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատուին։ Անուշ Սիմոնյանից նաև հետաքրքրվում ենք՝ ի՞նչ է նշանակում քաղաքացիներին տված պատասխանը՝ վերևից հրաման կա։

«Այդպիսի բան գոյություն չունի: Նրանք այդպիսի բան չեն կարող ասել: Նրանք ասում են՝ հաշմանդամության սահմանման չափորոշիչները փոփոխվել են: Այդ գործող չափորոշիչների համաձայն, Ձեզ հաշմանդամություն չի սահմանվել», - պարզաբանեց Սիմոնյանը՝ կրկին անգամ պնդելով․ - «Վարչապետը այդպիսի հրաման չի տվել»:

Սիմոնյանը պնդում է՝ վարչապետն ասել է, որ հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձինք այլ ծառայություններ պետք է ստանան։ Իրենք էլ հետևում են այդ խորհրդին ու հունվարից այս կողմ գնահատումն անում են նոր չափորոշիչներով։

«Նախկինում, եթե անձը ուներ խրոնիկ հիվանդություն, նա հաշմանդամ էր ճանաչվում, որպեսզի առողջապահական ծառայություններից օգտվի՝ պետպատվերի շրջանում բուժում ստանա, դեղորայք և այլն: Հիմա այդ կարիքները գնահատվելու են և այդ ծառայությունները առանձին են մատուցվելու», - ասում է ոլորտի պատասխանատուն՝ վստահեցնելով, որ երբ այդ նախագիծը կյանքի կոչվի՝ դժգոհությունների ալիքը կնվազի:

Անցած 5 ամիսների ընթացքում 3-րդ խմբի հաշմանդամություն չի ստացել նախկինում ունեցողների 25 տոկոսը։ 690 անձ բողոքարկել է հանձնաժողովի որոշումը և նրանցից ընդամենը 8-ի պարագայում է այն փոփոխության ենթարկվել։

Հիշեցենք, որ դեռ անցած տարի դեկտեմբերին կոռուպցիոն շղթայում ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվեցին նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն ու գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: Ըստ ԱԱԾ-ի՝ ևս 12 պաշտոնյա ներգրավված էր եղել այս գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG