Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում է, վաղը նա հանդես կգա անվտանգությանը նվիրված ելույթով


Սաուդյան Արաբիայի թագավորը Էր-Ռիյադում դիմավորում է ԱՄՆ-ի նախագահին, 20-ը մայիսի, 2017 թ․

ԱՄՆ նախագահի վարչակազմը հույս ունի, որ Թրամփի 8-օրյա շրջագայությունը կնպաստի Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես, մերձավորարևելյան տարածաշրջանում:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցն իր երկիր կամրապնդի երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը» և կօգնի բարձրացնել համընդհանուր անվտանգության աստիճանը: Սաուդյան Արաբիայի առաջնորդն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

Այսօր Միացյալ Նահանգների նախագահն առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ուղեկցությամբ սկսել է իր արտասահմանյան անդրանիկ ուղևորությունը, առաջին կանգառը կատարելով Սաուդյան Արաբիայում: Սա նրա առաջին այցն է այդ երկիր: Փորձագետները հիշեցնում են, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանից սկսած՝ ԱՄՆ-ի նախագահներն ավանդաբար առաջին հերթին այցելել են հարևան երկրներ՝ Կանադա կամ Մեքսիկա:

Այսօր ավելի ուշ, Միացյալ Նահանգների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդին Դոնալդ Թրամփին է շնորհել երկրի բարձրագույն պարգևը՝ Աբդուլազիզ թագավորի անվան մեդալը՝ «տարածաշրջանում և ողջ աշխարհում անվտանգություն հաստատելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար»: Սպասվում է, որ ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում երկու երկրների միջև միլիարդավոր դոլարների գործարքներ կկնքվեն:

Վաղը՝ մայիսի 21-ին Դոնալդ Թրամփը ելույթով հանդես է գալու Էր-Ռիադում կայանալիք տարածաշրջանային գագաթնաժողովում, իր խոսքում, առավելապես, կենտրոնանալով ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին առնչվող հարցերի վրա:

Դոնալդ Թամփի վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահի 8-օրյա շրջագայությունը, որի ընթացքում վերջինս կայցելի նաև Իսրայել, Պաղեստինյան ինքնավարություն, Բելգիա, Իտալիա և Վատիկան, կնպաստի ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես, մերձավորարևելյան տարածաշրջանում:

Մերձավոր Արևելքից Թրամփը մեկնելու է Եվրոպա: Վատիկանում նրան ընդունելու է Հռոմի պապը: Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ժողովին: Իտալիայում ԱՄՆ նախագահը մասնակցելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին:

Դոնալդ Թրամփի առաջին արտերկրյա ուղևորությունից առաջ, սակայն, ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակը ստվերվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի արդեն նախկին ղեկավոր Ջեյմս Քոմիի պաշտոնանկությամբ:

Մայիսի 17-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին բազմամյա ղեկավար Ռոբերտ Մյուլերը գլխավորելու է Ռուսաստանի հետ Թրամփի թիմակիցների հնարավոր կապերը հետաքննող հանձնաժողովը: Ինքը՝ նախագահ Թրամփը «վհուկների ամենամեծ որս» է համարել Ռուսաստանի հետ կապերին առնչվող ներքաղաքական խմորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG