Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մյուլերը՝ Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփի թիմակիցների հնարավոր կապերը հետաքննող հատուկ դատախազ


Ռոբերտ Մյուլեր, արխիվ
Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակիցների և Ռուսաստանի իշխանությունների կապերի մասին տեղեկությունները հետաքննելու է ամերիկյան հատուկ ծառայությունների ամենահարգված և ազդեցիկ վետերաններից մեկը` Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի շարունակ` 2001-2013 թվականներին, թե՛ հանրապետական Ջորջ Բուշի, և թե՛ դեմոկրատ Բարաք Օբամայի օրոք:

Ռուսաստանի և Թրամփի շրջապատի կապերի հետաքննության գծով հատուկ դատախազի պաշտոնում Մյուլերի նշանակման որոշումը չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Ամերիկյան քաղաքական շրջանակներում Մյուլերի նշանակման առաջին արձագանքներն, ընդհանուր առմամաբ, դրական էին:

«Ես շատ, շատ ուրախ եմ, որ հատուկ դատախազ է նշանակվել, և որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Ռոբերտ Մյուլերը` անառարկելի հեղիանակության տեր հիանալի մի անձնավորություն»,- հայտարարել է Քոնեկտիկուտից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Հայմսը: «Սա լավ սկիզբ է, ճիշտ ուղղությամբ, մի իրավիճակում, երբ նորընտիր նախագահը հայտնվել է ճգնաժամային կացության մեջ: Շաբաթներ շարունակ նորանոր փաստեր էին ի հայտ գալիս, և ես ուրախ եմ, որ այս ֆոնին, ի վերջո, նման նշանակում կատարվեց»,- նշել է Միչիգանից ընտրված կոնգրեսական Ջոն Քոնյերսը:

Օկլահոման ներկայացնող սենատոր Ջոն Լանկֆորդի խոսքով էլ՝ այս նշանակմամբ արդարադարտության նախարարությունը կարողացել է ապահովել հետաքննության շարունակակությունն ու անկախությունը: «Սա լավ համադրում է, որը մի կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին թույլ է տալիս շարունակել աշխատանքը, մյուս կողմից` վերջնական որոշումների կայացման լիազորությունները շնորհում է անկախ մի գործչի»,- պնդել է Լանկֆորդը:

Ռոբերտ Մյուլերի նշանակմանը զուգահեռ՝ Սպիտակ Տունը տարածեց նախագահ Թրամփի հայտարարության տեքստը, որում Միացյալ Նահանգների ղեկավարը պնդել է․ «Բազմիցս նշել եմ, որ մանրակրկիտ հետաքննությունը կապացուցի այն ամենը, ինչ արդեն իսկ հայտնի է: Որևէ գաղտնի գործարք իմ նախընտրական թիմի և օտարերկրյա որևէ պետության միջև գոյություն չի ունեցել»:

Թրամփի այս հայտարարության հրապարակումից հաշված ժամեր անց, սակայն, Reuters գործակալությունը հրապարակեց իր սեփական հետաքննության արդյունքները: Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդած ամիսներին Թրամփի խորհրդականների և ռուսաստանցի պաշտոնյաների միջև շփումների առնվազն 18 դրվագներ են արձանագրվել, որոնց մասին, սակայն, գործող նախագահի թիմակցիները Հետաքննությունների դաշնային բյուրոյին չեն հայտնել:

«Ռուսաստանցի պաշտոնյաների հետ շփումների հիմնական թեմաներն էին երկկողմ տնտեսական կապերի զարգացումը և երկկողմ դիվանագիտական ջանքերի համադրումը»,- նշել են հետաքննության հեղինակները: Նրանց տեղեկություններով՝ 2016-ի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը` հետագայում կարճ ժամանակահատվածով նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մայքլ Ֆլինը, Թրամփի մյուս թիմակիցները, թվով 6 հեռախոսազրույցներ են ունեցել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:

Հետաքննության հեղինակներից մեկը` Reuters-ի թղթակից Նեդ Փարքերը նշում է․ «Ընտրություններից հետո Ֆլինի շփումները Կիսլյակի հետ ակտիվացել են: Նրանք փորձել են ընտրյալ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև շփումների ստվերային մի խողովակ ստեղծել, որը կշրջանցեր ամերիկյան հատուկ ծառայությունների բարձաստիճան ներկայացուցիչներին: Ռուսական կողմը լուրջ մտավախություններ ուներ, որ ամերիկյան ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչները կարող են խաթարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղված ջանքերը»:

Reuters գործակալությունը, սակայն, նաև ընդգծում է` «Հետաքննությունների դաշնային բյուրոյին մոտ կանգնած աղբյուրները Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև գաղտնի պայմանավորվածությունների կամ [ռուսների հետ շփումներում] Թրամփի ներգրավվածության մասին ապացույցներ չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG