Մատչելիության հղումներ

«Ազատության» հրապարակման առիթով հարուցվել է քրեական գործ


Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ «Ազատության» հրապարակումներից մեկի առիթով Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ:

«14.05.2017թ. «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» վերտառությամբ հոդված:

Հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այլ անձի կողմից քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որի առիթով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից 19.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- նշված է ԳԴ հաղորդագրության մեջ:

Մեկ այլ հաղորդագրությամբ, դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մշտադիտարկման արդյունքում գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում:

«Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ»,- հաղորդում է դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG